«Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց մեծ էկրանին
Культура«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շրջագայությունների մասին պատմող «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացավ նոյեմբերի 29-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Տարիներ առաջ տեսա երգչախմբի Տոկիոյի համերգը և Տիգրանին ասացի, որ երեխաները մեր լույսն են, անհրաժեշտ է ֆիքսել նրանց գործունեությունը: Ֆիլմում ներկայացված են երգչախմբի՝ 16 քաղաքում ունեցած համերգները: Այն սիրո, լույսի, աշխատանքի և ճանապարհորդության մասին է»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց կինոժապավենի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
Խմբի ավագ Տաթևիկ Այվազյանն ընդգծեց, որ Շվեյցարիայում գլխավոր համերգը կայացավ Վիկտորիա հոլ համերգասրահում, և բոլորին չէ, որ բախտ է վիճակվում ելույթ ունենալ այդ բեմում, բուռն ծափահարությունների արժանանալ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան գեղեցիկ կատարումներով՝ հիացնելով ներկաներին:
«Ֆիլմը չեմ դիտել: Հրանտն ի սկզբանե որոշել էր ինձ մասնակից չդարձնել աշխատանքներին, քանի որ նյութը շատ մեծ է, և ես վստահաբար կցանկանայի բոլոր կադրերը զետեղել ֆիլմում: Հրանտը մեզ հետ չի շրջագայել և իր հայացքով է ներկայացրել կինոնկարը»,-ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը և հավելեց, որ դա իրենց շրջագայությունների մի փոքրիկ մասնիկն է, որը ռեժիսորի շնորհիվ կմնա պատմության մեջ:
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, այլք:
Ֆիլմն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: