ՄԻԱՎ-ի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում կայունացում է նկատվում
ИнтервьюՀայաստանում դիսպանսեր հսկողության ներքո է գտնվում ՄԻԱՎ վարակով 1504 հիվանդ: Նկատվում է կայունացում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի հայտանբերման տեսանկյունից: Եթե 2014 թվականին ախտորոշվել էր ՄԻԱՎ վարակով 324 հիվանդ, ապա նախորդ տարի 294: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետ ական կենտրոնի բժիշկ համաճակաբան Վարդան Արզաքանյանը՝ ներկայացնելով հիվանդության տարածման մակարդակը, առկա խնդիրները:
-Պարոն Արզաքանյան, կխնդրեմ ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության վերաբերյալ վիճակագրություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային միտումների վերաբերյալ:
-1988 թվականից, երբ առաջին անգամ մեր երկրում ախտորոշվեց այդ հիվանդությունը, մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ն ախտորոշվել է 2 հազար 482 ՄԻԱՎ վարակի դեպք: Դրանք ախտորոշված դեպքերն են, բայց գոյություն ունեն հաշվարկային տվյալներ, ըստ որոնց, ցույց է տրվում ավելի իրական պատկերը: Ըստ այդ հաշվարկային տվյալների՝ մեր երկրում ապրում է մինչև 3 հազար 600 ՄԻԱՎ վարակով հիվանդ: Սա միջին թիվն է: Այն բոլոր հիվանդները, որոնք ախտորոշում են ստանում, գտնվում են դիսպանսեր հսկողություն ներքո: Այդ հսկողությունը հիվանդի նկատմամբ պետք է լինի ամբողջ կյանքի ընթացքում: Ներկայում դիսպանսեր հսկողության ներքո է գտնվում 1504 հիվանդ: Այս տարվա կտրվածքով արձանագրվել է մահվան 58 դեպք: Այն դեպքերն են, երբ հիվանդները բավական ուշ են դիմել բժշկին: Ասեմ, որ մահացության ցուցանիշի հետ կապված նույնպես կայունացում է նկատվում:
Ինչ վերաբերում է միջազգային ցուցանիշներին, ապա ասեմ, որ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 մլն մարդ: Եթե դիտարկենք մեր տարածաշրջանը՝ Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան, ապա 2015 թվականի դրությամբ ապրում է ՄԻԱՎ վարակով 1,5 մլն հիվանդ: Հիվանդության տարածվածության առումով առանձնացվում են հիմնականում Ռուսաստանն ու Ուկրաինան: Ռուսաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը հասնում է 1 տոկոսի: Հայաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը 0,2 տոկոս է: Ի դեպ աշխարհում նկատվում է նոր դեպքերի աճի նվազում: 2010 թվականի համեմատ 2015 թվականին վարակի հայտնաբերման նոր դեպքեր նվազել են մոտ 30 տոկոսով: Մեր տարածաշրջանում դեռևս նվազման միտում չի նկատվում:
-Նշեցիք, որ Հայաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը 0,2 տոկոս է և մեր երկրի հետ կապված այլ վիճակագրական տվյալներ ներկայացրեցիք: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը, Հայաստանը վարակի տարածվածության առումով վտանգի ո՞ր մակարդակի վրա է գտնվում:
-ՄԻԱՎ վարակի համաճարակն ունի իր զարգացման փուլերը: Մեր երկիրը իրականացված ծրագրերի, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ունի առաջընթաց: Մենք նախկինում գտնվում էինք հիվանդության զարգացման երկրորդ փուլում, դա խտացման փուլն էր: Ի՞նչ է դա նշանակում: Երբ ռիսկային վարքագիծ դրսևորող որևէ խմբում հիվանդության տարածվածությունը գերազանցում է 5 տոկոսը, ապա երկիրը գտվում է խտացման փուլում: Այդ ռիսկային խմբերն են՝ ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողները, կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրող կանայք, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ: 2010 թվականին մենք հենց այդ փուլում էինք, որովհետև ներարկային ճանապարհով թմամիջոցներ օգտագործողների շրջանում հիվանդության տարածումը 10 տոկոսից անցնում էր: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այն նվազել է 5 տոկոսից: Հետևաբար մենք երկրորդ փուլից առաջընթաց ունենք դեպի նախնական փուլ: Ի դեպ, վերջին երկու տարիներին նկատվում է որոշակի կայունացում, եթե 2014 թվականին ախտորոշվել էր ՄԻԱՎ վարակով 324 հիվանդ, ապա նախորդ տարի 294, այս տարվա վերջնական տվյալները, կարծում եմ, որ չեն անցնի նախորդ տարվա տվյալներից: Այս ցու ցանիշները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված ունենք կայունացման միտում:
-Անդրադառնանք վարակի տարածման գործոններին: Հասկանալի է, որ միգրանտների տեղաշարժը կարող է հիվանդության տարածման գործոն լինել: Հայաստանում այս գործոնի ազդեցությունը որքանո՞վ կա:
-Միգրացիան մեծ ազդեցություն ունի համաճարակի տարածման գործում: Միգրանտները, գնալով վարակի տարածավածության բարձր մակարդակ ունեցող երկիր, կարող են ունենալ հարաբերություններ անհայտ կարգավիճակի մարդկանց հետ առանց պահպանակի, ինչն էլ կարող է բերել վարակի փոխանցման: Մեր երկրում համաճարակի վրա մեծ դեր ունի միգրացիոն գոծոնը: Վերջին 5 տարվա կտրվածքով ախտորոշված հիվանդների 57 տոկոսը վարակվել է արտերկրում: Մեր միգրանտաները գնում են հիմնականում Ռուսաստան, և գերակշիռ մասը հենց այնտեղ էլ վարակվում է:
Ինչ վերաբերում է վարակի տարածման այլ գործոններին, ապա թիրախային են համարվում ներարկային ճանապարհով թմրամիոցներ օգտագործողները: Ի դեպ, վերջին 10 տարվա կտրվածքով այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը նվազել է: Այստեղ իր դերակատարումն ունեն կանխարգելիչ ծրագրերը: Դրանից բացի, թմրամիջոցների օգտագործման մշակույթն է փոխվել: Դա բերում է նրան, որ իրենց շրջանում տարածվածությունը նվազում է:
- Ինչպե՞ս կգնահատեք վարակի հայտնաբերման հնարավորությունները, լաբորատորիաների աշխատանքը, հավաստիությունը:
-Ասեմ, որ լաբորատոր հետազոտությունների հետ կապված թիվն ավելանում է: Ավելանում է նաև լաբորատորիաների թիվը: Այսինքն՝ բնակչության համար հետազոտվելու հասանելությունը գնալով մեծանում է: Ամեն տարի մեր կենտրոնի լաբորատորիայի աշխատակիցները ստուգայցերով գնում են Հայաստանի տարբեր լաբորատորիաներ: Որոշակի կազմված դրական և բացասական շիճուկներով ստուգիչ այց են կատարում: Այս տարիների ընթացքում կատարված ստուգումները ցույց են տվել, որ իրականացված հետազոտությունները որակապես համապատասխանում են եղած ցուցանիշներին: Կարող ենք ասել, որ մեր երկր ում լաբորատորիաների որակը բարձր մակարդակի վրա է:
-Անդրադառնանք հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակին: Ձեր շփումները ի՞նչ են ցույց տալիս, ինչպե՞ս կգնահատեք հիվանդության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը:
-Ասեմ, որ բնակչության իրազեկվածության մակարդակը բավական բարձրացել է, փոխվել է մարդկանց վերաբերմունքը խնդրի, հիվանդների նկատմամբ: Նախկինում կարող էինք այնպիսի դեպքերի հանդիպել, երբ խնդրում էինք տաքսի ծառայությունից մեքենա ուղարկել՝ ուղղությունը նշելով ՁԻԱՀ-ի կենտրոն, հարցնում էին ուղևորը հիվանդն է, թե բժիշկը: Հիմա նման երևույթները բավական քչացել են: Նման հիվանդների նկատմամբ բժիշկների վերաբերմունքն է փոխվել, մարդիկ ավելի իրազեկ են դարձել: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ՌԴ-ից են վերադարձել, հաշվի առնելով այնտեղ իրենց ցուցաբերաÕ ® վարքագիծը, գալիս են, ստուգվում են: Ինչը ողջունելի է:
Մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում իրենց դերակատարումն ունեն իրականացվող բազմաթիվ միջոցառումները: «Եվոպական հետազոտությունների շաբաթ»-ի շրջանակում Հայաստանում հետազտություններ են անցկացվում՝ Գյումրիում, Վանաձորում, Երևանում: Դրանց նպատակը ոչ միայն մարդկանց բերելն է, հետազոտվել առաջարկելն է, այլև մարդկանց ուշադրությունը խնդրի վրա հրավիրելն է: Մարդկանց տեղ հասցնել այն, որ հետազտովելն ամոթ չէ: Այդպիսի հանրային միջոցառումները նպաստում են մարդկանց կարծատիպերը կոտրելուն:
-Պետական մակարդակով ի՞նչ քայլեր են իրականացվում վարակի կանխարգելման համար:
-Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցում մեր երկրում պետական մակարդակով մոտեցումն առկա է: Գոյություն ունի հակազդման ազգային ծրագիր, պլանավորվում է հաջորդ ազգային ծրագիրը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում գյուղական համայքներում՝ ընդգրկելով աշխատանքային միգրանտներին: Շարժական կլինիկայի այցելություների ժամանակ մարդկանց տրվում է խորհրդատվություն, իրականցվում է հետազտություն արագ թեստավորման մեթոդով, երբ 10-15 րոպեի ընթացքում բնակիչները ստանում են պատասխանը: Այդ ամենի նպատակը ոչ միայն հիվանդության վաղ հայտնաբերումն է, բուժման արդյունավետ կազմակերպումը, այլև զուգընկերոջ վարակվելը կանխելը:
Ասեմ, որ քաղաքացին, գտնվելով դիսպանսեր հսկողության ներքո, ստանում է համապատասխան բուժում, որը երկար ժամանակ պետք է շարունակվի: Դա անձին տալիս է որակյալ ապելու հնարավորություն: Հիվանդները, ստանալով բուժումը, կարող են ապրել բավական երկար: Իմ խորհուրդը բոլորին, եթե ունեցել են սեռական հարաբերություններ անհայտ կարգավիճակով անձի հետ, թմրամիջոցներ են օգտագործել, անպայման ստուգվեն, ճշտեն իրենց կարգավիճակը: Որքան շուտ ես հայտնաբերում հիվանդությունը, այնքան հեշտ է այն կառավարել:
Աննա Գզիրյան