Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին
Культура«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
Բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի ունեցավ նաև «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:
-Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին,- իր ելույթում նշեց պարոն Ջովաննի Ռիչուլլին:
Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունեցավ և իր շնորհակալական խոսքն ասաց Լևոն Աթոյանցը:
-Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…, - իր խոսքում նշեց նա:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով, նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):
Ցուցադրվեցին հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ուղեկցվեցին անգլերեն ենթագրերով:
Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշեց.
- Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր:
Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները կինոդիտողների համար խաղարկության միջոցով հնարավորություն էին ընձեռնել՝ շահելու 5-օրյա հանգիստ չորսաստղանի հյուրանոցում 2 անձի համար, Իտալիայի Սալենտո շրջանում 2017թ. Սալենտոյի միջազգային կինոփառատոնի օրերին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: Կինոփառատոնի փակման ֆիլմի ցուցադրությունից առաջ վիճակահանությամբ պարզ դարձավ խաղարկության հաղթողի անունը՝ Մարիաննա Շահբազյան, 35 տարեկան: Շփոթված, բայց երջանիկ հաղթողին Լուիջի Կամպանիլեն հանձնեց ուղեգիրը: