Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու համար կարևոր է սոցիալական ձեռնարկությունների զարգացումը
ОбществоՀաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների դաշտում ՀՀ կառավարությունը որդեգրել է սոցիալական մոդելի քաղաքականությունը: Դա նշանակում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից: Այս մասին Արմենպրեսում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:< /p>
«Խնդիր է դրված հաշմանդամությունը դիտարկել որպես առողջության խնդիրներ ունեցող անձի ու միջավայրի փոխազդեցության հետևանք: Միջավայրը միայն քաղաքաշինության լուծումներ չեն, տեղեկատվական դաշտի ապահովումը չէ, ամենակարևորն այստեղ վերաբերմունքն է: Այդ ամենին հասնելու համար, զգալի աշխատանքներ կատարվել են և դեռ ընթացքի մեջ են»,-ասաց Ջեմմա Բաղդասարյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա իրականացրած աշխատանքները:
Հայաստանի կառավարությունը 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հայտարարել էր հավասար հնարավորությունների տարի: Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ դա լավ հնարավորություն էր մեկ անգամ ևս վեր հանել բոլոր խնդիրները, ՏԻՄ-երի, ՀԿ-ների, լրատվամիջոցների, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա:
«Արդյունքում ակնկալում էինք ոլորտում փոփոխություններ` սկսած հասարակական կարծիքի փոփոխությունից, մինչև մատչելի միջավայր ապահովելու պատրաստակամություն ունեցող կառույցներ: Թող այս տարին համարվի լավ սկիզբ խնդիրների լուծման տեսանկյունից: Այս տարվա ընթացքում մի քանի լուրջ փոփոխություններ են իրականցվել: Մասնավորապես, աշխատանքներ են տարվել ազգային օրենսդրությունը Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Դրանից բացի, առաջիկա 5 տարիների համար մշակել ենք ծրագիր, որում ներկայացված է, թե սոցիալական ներառմանը տանող ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն: Այս տարի մշակել ենք հաշմանդամության սահմանման նոր մոդելի նախագիծ: Դրանում գերակշռում են այն մոտեցումները, որտեղ մարդու պահպանված կարողություններ են նկատվում ու գնահատվում»,-ասաց Ջեմմա Բաղդասարյանը: Նրա խոսքով, այդ նախագծի հետ կապված առաջարկներ են ներկայացվելու կառավարությանը՝ այն փուլային ճանապարհով ներդնելու համար:
Ոլորտում առկա խնդիրներից նախարարի տեղակալն առանձնացրեց զբաղվածության հարցը: Նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ևս համապատասխան կառույցների կողմից աշխատանք է տարվում: Այս տարի հաշմանդամություն ունեցող 3 հազար անձ դիմել է Զբաղվածության գործակալություն աշխատանքի տեղավորվելու համար: Նրանցից 950-ն աշխատանքի են տեղավորվել:
«Գտնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածությունը խթանելու համար կարևոր է սոցիալական ձեռնարկությունների զարգացման խթանումը: Այս տարի 3 սոցիալական նոր ձեռնարկություն է ստեղծվել Վանաձորում, Ախթալայում, Աբովյանում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 20 սոցիալական ձեռնարկություն: Հաշմանդամություն ունեցող անձինք, աշխատելով, կարողանում են ապրել անկախ կյանքով»,-ասաց Ջեմմա Բաղդասարյանը: