ՀՀ վարչապետը կառավարության առաջնահերթություն է համարում հավասար և մրցունակ դաշտի ստեղծումը
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության առաջնահերթ խնդիրներից է համարում արդար, հավասար և մրցունակ դաշտի ստեղծումը:
Այս մասին նա խոսեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը:
Վարչապետն անդրադարձավ կառավարության երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերին:
«Երբ մենք խոսում ենք կառավարության ծրագրի մասին, մենք ասացինք, որ ներկայացնում ենք երկու փուլ:
Առաջինը կարճաժամկետ ծրագիրն է, որն իհարկե նախատեսված չէ վեց-յոթ ամսվա համար, սակայն դրանում առկա ծրագրերը կհուշեն, թե որ ոլորտում ոնց ենք պատկերացնում շարժվել:
Երկրորդը երկարաժամկետ տեսլականն է, որը մտադիր ենք կազմակերպել պետություն-մասնավոր սեկտոր համագործակցություն տարբերակով, ընդ որում` ընդգրկելով մեր սփյուռքահայ գործընկերներին` պատկերացնելու, թե երկիրն ուր է գնալու»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով խնդրին, թե ինչու է ծրագիրը բաղկացած երկու փուլից` նա նշեց. «Առաջինը, ներկայացրել ենք կարճաժամկետ ծրագիր, որպեսզի հնարավոր ընդդիմախոսները չասեն, թե դուք ինչ գիտեք 2017 թվականի ապրիլից հետո կլինեք, թե ոչ: Բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ վեց ամսվա համար կառավարել հեռակա նպատակ չունենալով»:
Կարեն Կարապետյանը խոսեց կառավարության ծրագրում ֆիքսած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին` ընդգծելով, որ ներկայում ամփոփվում են կառավարությունում առկա բոլոր ռազմավարությունները, ծրագրերը, այդ թվում և 2014 թվականին ընդունված ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը: Դրանց հիման վրա էլ ձևավորվելու է երկարաժամկետ ծրագիրը:
Պատասխանելով հարցին, թե ինչ քաղաքականություն պետք է վարել դրսից ներդրողների ներգրավելու համար` Կարեն Կարապետյանն ասաց, որ իր ղեկավարած կառավարության առաջնահերթ խնդիրներից է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը:
«Բազմիցս ասել եմ, որ տարբեր հարցումներով աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում են նրանք, որտեղ ստեղծված են առավելագույն բարենպաստ պայմաններ աշխատող մարդ, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար:
Դրանց շարքում չկան այնպիսինները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ:
Հետևաբար, մեր առաջին խնդիրը գործարար, աշխատող մարդ համար հավասար պայմաններ ստեղծելն է»,- ասաց վարչապետը: Նրա համոզմամբ` միայն դա բավարար չէ, այդ իսկ պատճառով պետությունը պատրաստ է իր վրա վերցնել խթանողի դերակատարումը: