Արա Զոհրաբյանի խոսքով` փաստաբանների համար կարևոր է լինել սկզբունքային և զերծ մնալ կոռուպցիայից
ОбществоՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտներ դեկտեմբերի 3-ին ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ապագա փաստաբաններին ուղղեց իր խոսքը` ասելով, որ նրանք պետք է միշտ հեռու մնան կոռուպցիայից և հասկանան հասարակությունում իրենց` որպես փաստաբանի դերը։
«Փաստաբանների համար կարևոր է լինել համարձակ, սկզբունքային և անկախ։ Այս որակները միշ տ պետք է ուղեկցեն ձեզ»,- ասաց Զոհրաբյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ շրջանավարտների երդման հանդիսավոր արարողությունը, ապա նրանց հանձնվեցին արտոնագրերը։
Փաստաբանների դպրոցի շրջանավարտներից էր նաև իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով ներկայացրեց, թե ինչու է նոր ստանում արտոնագիր, այն դեպքում, երբ նա ունի 22 տարվա աշխատանքային փորձ. «Որոշեցի գալ այս դպրոց, որովհետև լիցենզիա ունենալը եվրոպական դատարանի վարույթներում աստիճանաբար անհրաժեշտություն է դառնում և կուզենայի որոշ կոնցեպտուալ գործերով ազգային դատարաններում քրեական գործերով հանդես գալ։
Իհարկե, ես իրավաբանության ոլորտում արդեն աշխատում եմ 22 տարի՝ 1994 թվականից։ Դպրոցում ընտրել էի քրեաիրավական ոլորտը»:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն էլ իր հերթին ասաց, որ դպրոցը գործում է 2012 թվականից և աշխատում է ֆրանսիական դպրոցի մոդելով և հավելեց. «Մենք այս ընթացքում շատ եզրահանգումներ արեցինք, որ դեռ շատ աճելու տեղ ունենք և փաստաբանական դպրոցը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ ուսումնական գործընթացն ավելի շատ բարելավելու տեսանկյունից։
Բայց մենք նաև արձանագրեցինք, որ փաստաբանական դպրոցը այսօր համանման ուսումնական հաստատությունների համակարգում իր ուրույն տեղն է զբաղեցնում»:
Տարվա ընթացքում երկու անգամ է կազմակերպվում արտոնագրերի հանձնման արարողություն՝ աշնանը և գարնանը։ Դասընթացները տևում են 6 ամիս, եթե ունկնդիրը ունի 5 և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, կամ 1 տարի` փորձի բացակայության դեպքում։