Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան. Վիտալի Բալասանյան
ОбществоԱյսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս ՎիտալիԲալասանյանը, ով այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին:
Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական, և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան համարժեք քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- նշել է Բալասանյանը և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ:
«Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Բալաս անյանը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորն ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ի դեպ, Թալիշի վերականգնման համար ԼՂՀ իշխանությունները արդեն հրավիրել են Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնմանն ուղղված նախագծային աշխատանքներին: