Արթուր Գրիգորյանի հոբելյանական երեկոյին նրա երգերը նոր մեկնաբանությամբ հնչեցին
КультураՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և...» խորագիրը կրող ստեղծագործական երեկոն:
«Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվեց մի թ ատրոն, որտեղ երաժիշտները հնարավորություն ունեցան ստեղծագործել և երգել սեփական բեմում: Բավականին դժվար էր գումար հայթայթել և մարդկանց հավատացնել, որ թատրոնը դարբնոց է լինելու տարբեր սերունդների ներկայացուցիչների համար, բայց ստացվեց»,- նշեց Արթուր Իսպիրյանը:
Երգի պետական թատրոնի դպրոցն անցած երգչուհի Ալլա Լևոնյանի խոսքով՝ միջոցառումը երազային է: «Նա իմ երգարվեստում մեծ դեր է խաղացել: Հիանում եմ Արթուր Գրիգորյանի երգերով, հատկապես, երբ անձամբ է կատարում: Նրա ստեղծած թատրոնում բոլորս կայացել ենք: Շնորհակալ եմ, երախտապարտ, շնորհավորում եմ»,-ասաց երգչուհին:
Երգչուհի Զարուհի Բաբայանը շեշտեց, որ դաստիարակվել է Արթուր Գրիգորյանի երաժշտության ներքո և նրա կողքին: «Ինձ բախտավոր եմ համարում, որ նրա պես ուսուցիչ եմ ունեցել, որը չի փորձել փոխել ինձ»,-ընդգծեց Զարուհին՝ Արթուր Գրիգորյանին մաղթելով ստեղծագործական հաջողություններ:
Խոսելով երգահանի մասին՝ երիտասարդ երգիչ Գրիգոր Կոկչյանն ասաց, որ կոմպոզիտորը միշտ սատարում է իրենց: «Յոթը տարի աշխատում եմ Երգի թատրոնում և իմ ստեղծագործական կյանքի հիմքերը դրվել են այս կառույցում: Ուզում եմ, որ Արթուր Գրիգորյանն առողջ լինի և պահպանի իր անսպառ եռանդը»,-շեշտեց երգիչը:
Երեկոյին հնչեցին Արթուր Գրիգորյանի երգերը՝ նոր, ժամանակակից մեկնաբանությամբ: Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երգի պետական թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչները: Մի քանի կատարմամբ հանդես եկավ նաև հոբելյարը՝ Արթուր Գրիգորյանը:
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 31-ին` Երևանում: Սովորել է երաժշտակա դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, ուսումը շարունակել է Ռոմասնոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թթ. աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում: 1984-1991 թթ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ Եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Նույն թվականին հիմնադրել և ղեկավարում է Հայաստանի Երգի պետական թատրոնը: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ: