Հրաչյա Թամրազյանի գիտական գործերի մեջ անգամ արտացոլվում էր պոեզիան
КультураՄեսրոպ Մաշտոցի Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի պոեզիային նվիրված երեկոն կայացավ դեկտեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
«Կյանքի վերջին 8-10 տարիների ընթացքում նա ղեկավարում էր մեր մշակույթի սրբություն սրբոցը՝ Մատենադարանը։ Ես, և՛ իր ժամանակ, և՛ հիմա էլ մեր մշակույթի իմպուլսացիան կապում եմ այդ հաստատության հետ։
Հրաչյա Թամրազյանի ժամանակ Մատենադարանը մտավ նոր կշիռների մեջ, նվաճեց նոր ոլորտներ։ Բավական է ասել, որ հարյուրավոր երիտասարդ մարդիկ ներգրավեցին Մատենադարանի՝ այդ դպրությունը ուսումնասիրող աշխատանքների մեջ, որը վաղվա օրվա երաշխիք է։ Հրաչյան եզակի, ցայտուն կերպար էր։
Ասեմ, որ շատ ժամանակ է պետ խոսելու համար նրա անձի մասին, ասելու, թե ինչ բացառիկ մարդ էր նա։ Ես կարծում եմ, որ իր գործունեության, և՛ բանաստեղծական, և՛ գիտական, և՛ հասարակական բոլոր ոլորտները իր անձի ճառագայթումներն էին»,- ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը։
Հրաչյա Թամրազյանի դուստրը՝ Արուսյակ Թամրազյանը հոր և նրա ստեղծագործությունների մասին խոսելով, ասաց, որ ցանկացած պոետի համար ստեղծագործելը շատ ներանձնական հոգեվիճակ է. «Ամենամոտ անձն անգամ չի կարող մասնակից լինել այդ ամենին,անգամ ֆիզիկապես։
Այն ինչ ես կարող եմ ասել իր մասին՝ բացառիկ աշխատասիրություն ուներ։ Իր կյանքում յուրաքանչյուր ոլորտում արտացոլված է մյուս ոլորտը, օրինակ՝ գիտական գործերը բավականին պոետիկ են։ Նա շատ ներդաշնակ էր, որպես պոետ, գրականագետ և հասրարակակն գործիչ»։
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է 2016թ-ի սեպտեմբերի 3-ին։
Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։