Մոուրինյոյի հետ խնդիր չունեմ, ցանկանում եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասնիկը. Մխիթարյան
СпортՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ վատ հարաբերություններ չի ունեցել և նախկինում չխաղալու խնդիրն իր մեջ է:
Այդ մասին Մխիթարյանը հայ տարարել է skysports.com-ին տված հարցազրույցում:
«Ամեն ինչ նորմալ է եղել, և խնդիրը ոչ թե նրա մեջ էր, այլ իմ: Այժմ հասկանում եմ, թե ինչու եմ ստացել այս հնարավորությունը, և ես կկառչեմ դրանից, քանի որ ինձ համար շատ կարևոր է խաղալ, լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասնիկը»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը` ավելացնելով, որ անգլիական ակումբ տեղափոխվելիս կարծում էր, թե այստեղ կլինի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, բայց երբ միացել է թիմին` տեսել է, որ այստեղ 25 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պայքարում է իր տեղի համար:
«Հասկացա, որ հեշտ չի լինելու: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում վատ խաղացի, բայց դա անցյալում է, ու ես շարունակում եմ աշխատել: Մեծ աշխատանք եմ կատարել նորից հնարավորություն ստանալու համար, ու կարծում եմ, երկար ճանապարհ անցա մինչև նորից սկսեցի խաղալ:
Հուսով եմ` սա շրջադարձային կլինի, քանի որ ինձ համար շատ կարևոր է մասնակցել յուրաքանչյուր հանդիպման, ցույց տալ լավագույն խաղը, որովհետև, եթե ցույց չտաս լավագույն որակներդ, ապա հաջորդ խաղին չես մասնակցի»,- ասել է Մխիթարյանը: Նրա խոսքով` մարզիչը մեծ ընտրություն ունի, նույն դիրքի համար 5-6 ֆուտբոլիստներ կան, բայց հիմա խաղալով արդեն գիտի, թե ինչ է սխալ արել նախկինում, և ինչ կարող է ցույց տալ ապագայում: «Այնպես որ, գիտեմ, թե ինչպես կարող եմ օգտակար լինել թիմին, ու ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասել է Մխիթարյանը: