ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը Skype-ով պատասխանել է մեր հայրենակիցների հարցերին
ОбществоՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը դեկտեմբերի 6-ին Skype-ով պատասխանել է մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ-ում գտնվելու կամ բնակվելու ժամկետը խախտելու, նաև այլ երկրի քաղաքացի լինելու և այդ մասին պատկան մարմիններին չտեղեկացնելու համար վարչական պատասխանատվությանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանից զանգահարած քաղաքացին երկու հարց ուներ. նախ, ինքը նաև ՌԴ քաղաքացի է, սակայն օրենքով սահմանված ժամկետում այդ մասին անձնագրային մարմիններին չի տեղեկացրել և ցանկանում էր տեղեկանալ, որ եթե իր նախաձեռնությամբ ներկայանա անձնագրային ծառայություն և հայտնի նշվածի մասին, կենթարկվի՞ արդյոք վարչական պատասխանատվության: Իսկ մյուս հարցն այն էր, որ ՌԴ քաղաքացիությունը ստանալուց հետո մի քանի տարի է, ինչ բնակվում է Հայաստանում և ցանկանում էր տեղեկանալ, թե արդյո՞ք ՀՀ-ում գտնվելու կամ բնակվելու ժամկետը խախտելու համար ենթակա է վարչական պատասխանատվության:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ իր նախաձեռնությամբ անձնագրային ծառայություն այլ պետության քաղաքացիություն ստացած լինելու մասին տեղեկություն տրամադրելու դեպքում չի ենթարկվի վարչական պատասխանատվության, նույնիսկ այն պարագայում, երբ լրացել է մեկամսյա ժամկետը: Բացի այդ, իրազեկվել է, որ շրջանառության մեջ են դրվել համապատասխան օրինագծերի նախագծեր, որոնցով վերացվում է ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականությունը, ըստ այդմ նաև չտեղեկացնելու պարագայում վարչական պատասխան ատվություն նախատեսող նորմը:
Ինչ վերաբերում է Հայաստանում բնակվելու ժամկետային սահմանափակմանը, տեղեկացվել է, որ երկքաղաքացիները ՀՀ-ի համար ճանաչվում են միմիայն ՀՀ քաղաքացիներ և օգտվում ՀՀ քաղաքացու համար օրենքով սահմանված իրավունքերից ու կրում պարտականությունները: Հետևաբար, անկախ նրանից, անձը բացի ՀՀ քաղաքացիությունից քանի երկրի քաղաքացիություն ունի, Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման և նրա վրա որևէ վարչական ներգործության միջոց չի կարող կիրառվել այդ առումով:
Մյուս բոլոր հարցերը կրել են տեղեկատվական բնույթի և տրվել են սպառիչ պատասխաններ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը: ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն` Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected] , [email protected] էլեկտրոնային հասցեներին»: