Գյումրիում անցկացվեց աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված քննարկում
ОбществоՀամաշխարհային բանկի նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին Գյումրիում անցկացվեց աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված քննարկում՝ քաղաքապետարանի, արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային կառույցի, ՄԱԿ-ի զարգացման գործակալության պատասխանատուների ներկայությամբ:
Քննարկմանը ներկայացվեց Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի վերամշակման աշխատանքները, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկերի կառավարման ներառումը քաղաքաշինական նախագծերում» ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակած «Աղետների քարտեզագրումն ըստ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգի և «Համայքներում աղետների ռիսկերի կառավարման և դրա խմբերի ձևավորման» ծրագրերը:Բնական աղետները կանխել հնարավոր չէ, բայց նվազեցնել ռիսկերը հնարավոր է: Աշխատանք պետք է իրականացնել հենց դպրոցներում՝ աղետների ռիսկերը կառավարելու թեմաներով հանդիպումների շրջանակներում, ինչ արվում է: Նմանատիպ աշխատանք իրականացվում է նաև համայնքներում:
«Գյումրին, լինելով սեյսմիկ անկայուն տարածաշրջանում, զերծ չէ բնական աղետներից, իսկ դրանք կանխատեսնել ու փորձել դրանց դեմ պայքարել գործնականում անհնար է: Լավագույն միջոցը դրա դեմ պայքարելու բնակչության իրազեկվածությունն է, ինչպես նաև համապատասխան բազաների առկայությունը ու նորմերի պահպանումը: Առավել կարևոր է աղետների ռիսկերի ներառումը քաղաքաշինական ոլորտում՝ մասնավորապես՝ շենքերի նախագծման և քաղաքաշինական նորմատիվների մեջ»,-նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ փաստելով որ քաղաքապետարանի համապատասխան բաժինը շատ աչալուրջ է այս նորմերի պահպանման հարցում:
«Ներկայումս շատ լուրջ աշխատանքներ են տարվում Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխման և վերամշակման գործում, մշակվում է Գյումու գոտեվորման նախագիծը»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով հենց այս ուղղությամբ Համաշխարհային բանկի աջակությամբ իրակացվող ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնելով հետայսու ևս աջակցել բոլոր այն կառույցներին որոնք էական ծրագրեր կներկայացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված: