Վարչապետը Հայաստանի համար ռիսկային չի համարում Վրաստանում տարանցիկ գազամուղի 25 տոկոս մասնաբաժնի մասնավորեցումը
ЭкономикаՀՀ վարչապետը Հայաստանի համար ռիսկային չի համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարող է գնել Վրաստանի տարածքով անցնող և Հայաստանը սնուցող գազամուղի մասնաբաժնի 25 տոկոսը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե Վրաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանը սնուցող գազատարի 25 տոկոս մասնաբաժինը մասնավորեցնելու մ ասին, իսկ շրջանառվող տեղեկությունների համաձայն Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գնել այն, վարչապետն ընդգծեց, որ վստահ չէ,թե նման գործարքը շուտ կլինի, սակայն անգամ, եթե այն լինի էլ, Հայաստանի համար ռիսկեր չի տեսնում:
«25 տոկոս մասնաբաժնի տեր լինելով տրանզիտային խողովակի՝ ռիսկ չենք տեսնում, որ վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն: Տոկոսի աճի դեպքում նման ռիսկեր կարող են աճել, սակայն դա արդեն այլ քայլ կլինի ու անմիջապես կառնչվի միջպետական հարաբերություններին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ եթե անգամ նման զարգացում լինի, իրենք գիտեն, թե ինչ փաստարկներ ունեն մեր հարեւան, բարեկամ երկրի հետ խոսելու:
«Իրենց սեփականությունը 25 տոկոսը վաճառելու պարագայում մեր կողմից անհանգստություն ցուցաբերելու դեպքում վտանգ կառաջացնենք առնվազն ոչ կոռեկտ լինելու, որովհետեւ իրենց սեփականությունն է, որի մեկ քառորդն իրենք վաճառում են: Նման ռիսկեր տեսականորեն գոյություն չունեն»,- եզրափակեց վարչապետը: