ՀՀ կառավարությանը շահագրգռված է բարձրացնել ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:
Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար առավելագույնս թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածշարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում: