Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Ֆրանսիա խաղից առաջ
БлогՖԱՖ երկրպագուների շարժումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն` Հայաստան-Ֆրանսիա խաղից առաջ անցկացվելիք երթի մասին: Հայտարարությունում ասվում է.«Նախորդ խաղում Հայաստան հավաքականը ապացուցեց, որ նույնիսկ առանց իր առաջատարների կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ: Հոկտեմբերի 14-ին մեր տղաները Երևանում կհյուրընկալեն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին` Ֆրանսիային:
ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Ֆուտբոլային տոնը մենք սկսում ենք խաղից ժամեր առաջ:
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին հրավիրում ենք հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին»: