Քաղաքական խեղճության դեմքերը
АналитикаՀայաստանյան քաղաքական դաշտի ամենաակտիվ աժիոտաժը շարունակում է ծավալվել Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Ընդ որում պետք է նշել, որ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալը դարձել է տարատեսակ գործիչների ինքնաարտահայտվելու, դրսևորվելու, ոմանց դեպքում վերակենդանանալու, իսկ որոշների համար էլ պարզապես քաղաքական դաշտում մնալու որոշիչ կետը։
Նրանք, ովքեր քաղաքական դաշտում զրո կետից երբեք առաջ չեն շարժվել՝ Ծառուկյանի վերադարձը համարում են իշխանության հետ պայմանավորվածության արդյունք, վերջերս նման հայտարարությամբ է հանդես եկել Արամ Զավենի Սարգսյանը: Այսպես կոչված ընդդիմադիրներից շատերը վախվորած են, քանի որ Ծառուկյանի վերադարձը տզրուկների համար այլևս քաղաքականության մեջ տեղ չի թողնում։
Չէ, թե ինչի համար է վերադառնում Ծառուկյանը, գիտի միայն Գագիկ Ծառուկյանը, այլ փաստ է, որ հասարակական մի լայն զանգված իսկապես ուզում է Ծառուկյանի վերադարձը։ Հասարակության նման վերաբերմունքի մասին Արամ Սարգսյանն ու իր քաշային կատեգորիան, իհարկե, երբեք երազել չեն կարող, որովհետև թվաբանության մեջ զրոն ինչին էլ գումարես՝ շարունակում է զրո մնալ:
Հենց այստեղ էլ մի փոքր կանգ առնենք։ Վերջերս Արմեն Աշոտյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և դիմելով ընդդիմադիրներին նշել է ՝ «Դե իրար շարժվեք, տղերք», փոքր ինչ ձևափոխելով այս արտահայտությունը կարող ենք ասել, «դե շարժվեիք տղերք»։ Ծառուկյանն էլ հո քաղաքականության մեջ չէր, ձեզ չէր խանգարում, ընդհանրապես զբաղված էր ոչ քաղաքական գործընթացներով, բա գործ անեիք, բա ընդդիմադիր դաշտը, ինչպես սիրում եք ասել, կենտրոնացնեիք, վերահսկեինք, հեղինակություն ու վարկանիշ ձեռք բերեիք, որ հիմա էլ Ձեր բանուգործը թողած Ծառուկյանի վերադառնալու շուրջ մեկանաբանություններն ու կանխատեսումները չանեիք։
Չէ իհարկե, հասկանալի է որ «տղերքը» վաղուց արդեն մսխել են իրենց վարկանիշը, սպառել իրենց որպես քաղաքական գործիչ և գործոն ու հիմա էլ հերթական անգամ փորձում են այլոց վրա ինքնահաստատվել։ Ի դեպ այստեղ խնդիրը բոլորվին էլ Ծառուկյան անձը կամ գործիչը չէ, այլ այն, որ լուրջ քաղաքական ուժերը, դեմքերը չպետք է խնդիրներ տեսնեն նույն դաշտում գործող այլ անհատների և ուժերի մեջ, քանի որ եթե իսկապես կա քաղաքական գործունեություն, ապա այն գոյություն ունի միայն գործիչի, ուժի և հասարակության միջև։ Այս առումով պետք է շեշտել, որ եթե այդքան վախենում եք Ծառուկյանի վերադարձից, ապա ինչ եք անում դուք որպես քաղաքական գործիչներ, գուցե պարզապես նստեք ձեր տեղերում։ Չէ որ այսօր Ծառուկյնաի վերադարձից կվախենաք, վաղը Պողոսյանի, մյուս օրը Քալանթարյանի և այսպես շարունակ։
Մյուս կողմից հասկանալի է, որ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո որոշ նախկին ակտիվիստներ, թաքնված հեղափոխականներ ու ծպտյալ քաղաքական «գիգանտներ» գործողությունների ազատ դաշտ տեսան, որից փորձեցին օգտվել։ Քաղաքականության մեջ ի դեպ, կարելի է նաև օգտվել, բայց անգամ դա շատերին չհաջողվեց ու արդյունքում այսօր կրկին անգամ Արամ Սարգսյանը կամ մյուս մյուսները Ծառուկյանի վերադառնալ չվերադառնալը դարձրել են իրենց խոսքի հիմնական առանցք, ի դեպ միայն խոսքի, քանի որ տարիներ շարունակ նրանք գործելու բոլոր հնարավորություններն ունեցել են՝ պետական պաշտոններից մինչև պատգամավորական մանդատներ, որի արդյունքը զրոյին ձգտող վարկանիշն է։ Գուցե արժեր հենց սրա մասին մտածել, հենց այս ուղղությամբ գործել, սխալները խմբագրել կամ էլ պարզապես սուսուփուս մնալ։
Հենց այս տիպի ուժերն ու գործիչներն են, որ հայաստանյան քաղաքական կյանքը անհասկանալիության աստիճան ձևախեղել են, քանի որ եթե իրեն քաղաքական կուսակցություն կամ անհատ համարող ուժը կամ գործիչը սահմանափակված է քաղաքական դաշտում այս կամ այն անհատի ներկայությամբ կամ չներկայությամբ, ապա այդ ուժը կամ գործիչը կամ էլ երկուսը միասին ձեռք-ձեռքի տված պետք է հեռանան ասպարեզից։
Աղասի Մարգարյան
PressMedia.am վերլուծաբան