Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմեր հավակնում են հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության շրջանակում մրցանակի արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայ քը, մրցանակի հավակնող ֆիլմերն են` «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»-ը:
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»ֆիլմը պատմում է 1988 թվականի Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է ի ր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում: