Նախարարությունը մարզերի զարգացման ռազմավարությունների մշակմանն ուղղված մեթոդական օժանդակություն է իրականացնում
ЭкономикаԻ կատարումն վարչապետի հանձնարարականի` ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7-9-ը մարզային շահագրգիռ կողմերի, մասնավորապես, մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար կազմակերպել է 2-րդ եռօրյա դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավ որմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: «ՄարզՌազմ» ծրագրի 2-րդ դասընթացի նպատակն է աշխատանքային խմբերին ներկայացնել անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, SWOT վերլուծությունը, ինչպես նաև տրամադրվելու են պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի հետ հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ տարածքային զարգացման ռազմավարությունների մշակման գաղափարը ՀՀ կառավարոթյան կողմից ընդունված ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության տրամաբանական շարունակությունն է:
«Որպես ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության տրամաբանական շարունակություն` մարզերը պետք է կազմեն իրենց համապատասխան ռազմավարությունները նույն ժամկետների համար: Այս աշխատանքը մեզ մոտ կատարվում է առաջին անգամ, որովհետև մյուս բոլոր երկարաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրերը, որ մենք կազմել ենք, մի փոքր այլ տրամաբանություն են ունեցել: Իսկ այս դեպքում մենք պետք է կարողանանք նույնականացնել մեր մարզերի առանձնահատկությունները, մարզերի հեռանկարային կամ, ինչպես ընդունված է ասել, ուժեղ և թույլ կողմերը և դա հաշվի առնելով` նախանշել մարզերում իրականացվելիք աշխատանքերը կամ այն ջանքերը, որ մենք պետք է ներդնենք՝ մարզերում որոշակի զարգացման ցուցանիշներ ապահովելու համար: Ցուցանիշներ, որոնք արդյունքում կհանգեցնեն մեր ընդհանուր ռազմավարության մեջ ամրագրված խնդիրների իրականացմանը»:
Փոխնախարարի խոսքով, մարզային ռազմավարությունների նախագծերը պատրաստ կլինեն մինչև այս տարվա վերջ:
Դասընթացի վերջում մասնակիցները կվերանայեն իրենց իրավիճակային վերլուծությունը և պատրաստ կլինեն խորհրդատվություններին, ծանոթ կլինեն SWOT վերլուծությանը` որպես ռազմավարական վերլուծության գործիքի և կկարողանան կիրառել այն ՏՌԶ-ներում, կկարողանան ներգրավել և կառավարել մարզային շահագրգիռ կողմերին իրավիճակի և SWOT վերլուծությանն առնչվող խորհրդատվական հանդիպումներում:
Ծրագրի 1-ին դասընթացը տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 26-28-ը Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Առաջին փուլում աշխատանքային խմբերին է ներկայացվել ռազմավարությունների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները։
Դասընթաց-քննարկումները շարունակական բնույթ են կրելու։ Դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորած փործագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։