Վարչապետը կարևորում է պոտենցիալ ներդրողների համար Հայաստանն ավելի հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը
ЭкономикаՀայաստանի դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է երկրի զարգացման հիմքը: Ազգային ժողովում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացվի արտերկրում Հայաստանի` հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման համար: Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը: Կարեն Կարապետյանը կարծում է, որ տնտեսավարողների համար դեսպանությունները պետք է դառնան հարթակ` ապրանքների առաջմղման, շահերի պաշտպանության համար:
Այս առումով ՀՀ վարչապետն առանձնացրեց մի քանի կարևոր գործողություններ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր ձևաչափի ընձեռած հնարավորությունները, ապահովել ՀՀ հեղինակության և ճանաչողության բարձրացումը` ներկայացնելով ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները: «Անհրաժեշտ է բացահայտել նոր շուկաներ` նաև օտար ներդրումների ներգրավման ուղղությամբ, կարևորել ոլորտային աջակցության ծրագրերը, հստակեցնել Հայաստանում տնտեսական դիվանագիտության մասնակիցների շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը: Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք »,- մանրամասնեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հավելեց, որ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել նաև մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ Հայաստանն ավելի բաց ու հասկանալի լինի պոտենցիալ ներդրողների համար: