Կիևում հայկական խաչքար-հուշակոթող է բացվել` նվիրված անմեղ զոհերի հիշատակին
ОбществоԴեկտեմբերի 9-ին Կիևում կայացել է հայկական հուշակոթող-խաչքարի բացման և օծման արարողությունը: Խաչքարը նվիրվել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին:
Ինչպես հայտնում է ուկրաինական analitikaua.net կայքը` վկայակոչելով Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայությանը, խաչքարի օծման արարողությունն անցկացրել է Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Գոլոսեևսկի շրջանի վարչակազմի ղեկավար Նատալյա Բոնդարը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի ազգային պատգամավորներ:
Խաչքարի տեղադրման նախագիծն իրականացվել է Ուկրաինայի Հայերի միության, Կիև քաղաքի Գոլոսեևսկի շրջանի հայկական սփյուռքի, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու թեմի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ջանքերով:
2010-ի նոյեմբերին խաչքարեր կերտելու արվեստը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: