Առաջնագծում մեծածավալ աշխատանքներ են կատարվել բոլոր ուղղություններով. Լևոն Մնացականյան
ОбществоՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նախագահների` Պաշտպանության բանակ, և մասնավորապես, առաջնային գիծ այցի նպատակն էր ապրիլյան գործողություններից հետո ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանալ կատարված աշխատանքներին:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Այցի նպատակն էր, որպեսզի նախագահները ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանան, տեսնեն, շոշափեն, թե ինչ աշխատանքներ են կատարվել վերջին ժամանակահատվածում, հատկապես ապրիլյան գործողություններից հետո: Ասեմ, որ ահռելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր ուղղություններով և այդ ամենը մենք ներկայացրել ենք Նախագահներին, նախանշել մեր հետագա անելիքները, թե առաջնագծում ինչպիսի աշխատանքների անհրաժեշտություն կա:
Մենք չենք տարանջատում առաջնային գիծն ու մշտական տեղակայման վայրը: Նրանց ենք ներկայացրել նաև մշտական տեղակայման վայրում իր ականացված աշխատանքները, մասնավորապես, բարելավվել է մեր զինվորների առօրյան, կենցաղը, այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են»,- ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց ուշադրության կենտրոնում առաջին հերթին առաջնագիծն է և զորքերի պատրաստության մակարդակը:
ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքով` կատարված աշխատանքների հետ միասին Նախագահներին են ներկայացրել նաև այն աշխատանքները, որոնք որոշակի խոչընդոտների են հանդիպել:
«Իհարկե, այդ ուղղությամբ իրենց միջամտության անհրաժեշտությունը կա և տեղում ցուցումներ են տրվել բոլոր հարցերի առնչությամբ: Մոտ ապագայում այդ ուղղություններով աշխատանքները նոր թափ կստանան և կաշխատենք համապատասխանեցնել մի այնպիսի մակարդակի, որ և մարտական խնդիրը կատարվի, և մշտական տեղակայման վայրում մարտական պատրաստությամբ արդյունավետ զբաղվենք»,- ասել է Մնացականյանը:
Խոսելով առաջնագծում կատարված աշխատանքների մասին` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք վերաբերում են կահավորվածությանը, անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, խնդրի արդյունավետ կատարմանը, անվտանգության աստիճանի բարձրացմանը թե զինվորի, թե բնակավայրի և թե բնակչության համար: «Այսինքն բոլոր ուղղություններով:
Իհարկե նախագահները գոհ եղան, նաև կան հարցեր, որոնց ուղղությամբ ցուցումներ տվեցին: Իհարկե, անելիքներ կան ու այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Մենք տարեցտարի պետք է բարելավենք մեր զինվորի կենցաղը, որովհետև կենցաղից է գալիս մնացած ամեն ինչ»,- շեշտել է Լևոն Մնացականյանը: