Շենգեն գոտու երկրներ մեկնելու համար ՀՀ քաղաքացիները չեն դիմի Վրաստանին քաղաքացիության համար. Շիրակ Թորոսյանը նշում է պատճառները
ИнтервьюTert.am-ը գրում է.
Եվրոպական Միությունը Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 7-ին, ինչով վերջ է դրվել ԵՄ-ի կողմից խոստացված այդ հնարավորության կասեցման մասին ակտիվացած խոսակցություններին: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, Վրաստանն ու Ուկրաինան շենգենյան գոտի առնաց վիզայի մուտք գործելու հնարավորություն են ստացել։ Արդյո՞ք սա Հայաստանի քաղաքացիների արտահոսքի պատճառ չի դառնա հարևան երկրի քաղաքացիություն ստանալու և շենգենյան գոտու երկրներ մեկնելու նպատակով:
- Չի կարող արտագաղթի առիթ լինել մի քանի պատճառներով: Հայաստանի քաղաքացիները մեծ դժվարությամբ կկարողանան Վրաստանի քաղաքացիություն ստանալ, որովհետև Վրաստանում քաղաքացիության շնորհման գործընթացը բավականին բարդ է. դա փակ համակարգ է: Անգամ շատ ՀՀ քաղաքացիներ, ովքեր օրինակ վրացահայկական արմատներ ունեն և ցանկանում են Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել, հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների:
Ընթացակարգերը բարդ են և գրեթե անհնարին: Եվրամիության գոտի մեկնելու հնարավորություն ունեն նաև այլ երկրներ և դա չի ենթադրում, որ մեկ այլ՝ երրորդ երկրի քաղաքացիներ կարող են շենգենյան գոտու երկրներ մեկնել քաղաքացիություն ստանալով:
-Բացի այդ, ի՞նչ կտա Վրաստանին օտարերկրյա քաղաքացիներին քաղաքացիության շնորհումը: Արդյո՞ք սա վտանգավոր չէ Վրաստանի համար:
-Երկրորդ պատճառն այն է, որ Վրաստանը բազմազգ երկիր է, և ազգային խնդիրներ ունի իր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ: Նախկին իշխանության ժամանակ, ասվում էր, որ ովքեր Խորհրդային Վրաստանի քաղաքացիներ են եղել, ծնվել են և ինչ-որ պատճառներից ելնելով այլ երկրների քաղաքացիներ են, կարող են գնալ և պարզեցված կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ կարգով որոշ քանակությամբ քաղաքացիություն շնորհվեց: Հիմա քաղաքացիություն տրվում է նրանց, ովքեր հաճախակի այցելում են Վրաստան, նրանց, ովքեր, օրինակ, ՀՀ քաղաքացի են, բայց հիմնական բնակության վայրը Վրաստան է և այլն: