Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրները ներկայացվել են կառավարության ուշադրությանը
ОбществоԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կառավարություն է ներկայացրել մարզի առողջապահական ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, որոնք բարձրացվել են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը,դրանք կապված են մարզի բուժհաստատություններում 0-7 տարեկան երեխաների վիրահատման թույլտվության, ընտանեկան բժիշկների թափուր տեղերի լրացման, մարզի բուժհիմնարկներից մեկում դժվարամատչելի հետազոտությունների կենտրոն ստեղծելու, Վարդենիսի հիվանդանոցի արդիականացման ծրագրի իրականացման հարցերի հետ:
«ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված լիցենզավորման նոր կարգը, որը գործում է 2016 թվականի հունվարից, սահմանափակում է մարզերի բուժհաստատություններում 0-7 տարեկան երեխաների վիրահատություն կատարելը, ինչի արդյունքում բոլոր վիրահատություններն իրականացվում են մայրաքաղաքում՝ առաջացնելով մարզի բնակչության, առավելապես՝ սոցիալապես անապահով խավի դժգոհությունը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ վերանայել լիցենզավորման գործող կարգը եւ լուծում տալ այս հիմնահարցին:
Այս պահի դրությամբ 23 ընտանեկան բժշկի կարիք ունենք: Հարցի կարգավորման համար հարկավոր է ստեղծել անվճար վերամասնագիտացման հնարավորություն: Այդ դեպքում մենք կարող ենք վերմասնագիտացված կադրերին ապահովել բարձր վճարվող աշխատավարձով:
Մարզպետը մարզի առողջապահության ոլորտի արդիականացման ծրագրում կարեւոր համարեց մարզպետարանի ենթակայությամբ գործող Վարդենիսի հիվանդանոցի եւ ՊՆ ենթակայությամբ գործող զինվորական հոսպիտալի միավորումը մեկ կառույցում, որը պետք է գործի ՊՆ համակարգում: Մարզի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրում կար եւոր է նաեւ դժվարամատչելի հետազոտությունների կենտրոն ունենալը, որի դեպքում քաղաքացիները կկարողանան տեղում կազմակերպել իրենց հետազոտությունը եւ բուժումը»-ներկայացրեց Անուշ Պողոսյանը: