Էվա Խաչատրյանը` ծննդյան օրվա եւ «Կայարան» հեռուստասերիալի անձնակազմի անակնկալի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Հեռուստասերիալներից եւ թատրոնից հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր տոնում է ծննդյան 26-ամյակը: Էվայի համար այս կարեւոր օրվա շնորհավորանքները սկսվել են դեռեւս «Կայարան» հեռուստասերիալի նկարահանման հրապարակից.
«Ես նկարահանման էի եւ առաջինը հենց իմ թիմը շնորհավորեց ինձ: Հետո հեռախոսով սկսեցին անդադար զանգահարել: Շատ ու շատ հաճելի մաղթանքներ եմ ստացել` ծանոթ եւ անծանոթ մարդկանց կողմից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Նկարահանումները, բնականաբար, չեն անցել առանց անակնկալների.
«Նկարահանող խումբը, մասնավորապես, օպերատոր Նելսոն Ստեփանյանը անակնկալ արարողություն էին կազմակերպել հենց նկարահանման հրապարակում»,-ասում է դերասանուհին, որն այսօրվա նկարահանումից անմիջապես հետո շտապելու է փորձի.
«Փորձի եմ լինելու իմ սիրելի թատրոնում, եւ դա ինձ միայն ուրախացնում է, քանի որ դա նշանակում է, որ գալիք տարին շատ ավելի աշխատանքային կլինի»:
Դերասանուհին իր ծննդյան տարեդարձին մեծ ոգեւորությամբ էր սպասում, հատկապես, ուսանողական տարիներին.

«Չափից շատ էի ուրախանում, հաշվում էի օրերը, հիմա այդպես չէ: Ինձ ուրախացնում են հարազատ մարդկանց էմոցիաները, որոնք տարբեր միջոցներով ինձ են փոխանցվում»,-ասում է Էվան, որն ավելի շատ նպատակներ ունի, քան երազանքներ.
«Երազանքներս ավելի մոտ են նպատակների: Իհարկե, ունեմ նպատակներ եւ գալիք տարին եւս պետք է ծառայի դրանց իրականացմանը»,-եզրափակեց դերասանուհին:
NEWS.am STYLE-ը միանում է Էվային ուղղված բոլոր շնորհավորանքներին` մաղթելով, որ նրա բոլոր նպատակներն իրականանան
Սյունե Առաքելյան