ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ցորենի սերմնաբուծության ոլորտի հարցեր
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 13-ին հանդիպել է սուպերէլիտային և էլիտային ցորենի սերմարտադրողների հետ` Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրները քննարկելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացմանը, բերքատվության բարձրացման նպատակով որակյալ սերմացուի արտադրությանը, սերմերի ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ոլորտում գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ներդրմանն առնչվող և այլ հարցերի:
Քննարկվել է նաև ներկրման համար առավել նպատակահարմար սուպերէլիտային սորտերի սերմերի հարցը, ցանքաշրջանառության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները:
Քննարկումների արդյունքում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող առանցքային կետերը, այդ թվում` հացահատիկի մշակության կարևորությունը ցանքաշրջանառության և պարենային անվտանգության ապահովման նպատակով, պետության աջակցության շարունակականությունը` ուղղված ոլորտի զարգացմանը, տեղական արտադրողների կողմից սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը, մեխանիզացիայի պարկի վերազինման անհրաժեշտությունը, ապահովագրության մեխանիզմի մշակումը, պայմանագրային հիմունքներով գնային քաղաքականությ ան կարգավորումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի ազատումը ԱԱՀ-ից:
Նախարարն առաջարկել է հաշվարկել և Աշոտ Հարությունյանին ներկայացնել 2017 թվականի գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ ցորենի և այլ սերմերի պահանջարկը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ` ընթացիկ խնդիրները քննարկելու և օպերատիվ լուծումներ տալու նպատակով: