«Պեպոն» կրկին մայր թատրոնի բեմում է
Культура«Պեպո» ներկայացման առաջնախաղով դեկտեմբերի 13-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման աշխատանքներից հետո իր դռները բացեց թատերասեր հանրության առաջ:
«Թատրոնն 94-րդ թատերաշրջանը բացում է նոր, 21-րդ դարին համապատասխան տեխնիկայով վերազինված, ինչի համար շնորհակալ ենք երկրի ղեկավարությանը:
«Պեպոն» բավականին բարդ ստեղծագործու թյուն է, բայց մենք համարձակություն ունեցանք բեմադրել այն: Չեմ կարող ասել, որ այս ներկայացումն այն «Պեպոն» է, որը հանրությունը տեսել է կինոյում կամ Աճեմյանի բեմադրությամբ:
Սա մեր ժամանակի «Պեպոն» է, որում օգտագործվել են Սունդուկյանի ստեղծագործություններից տարբեր նյութեր»,- նշեց բեմադրության ռեժիսոր Արմեն էլբակյանը:
Ներկայացման մեջ մեծահարուստ Արութին Զիմզիմովին մարմնավորած Արմեն Մարությանն ընդգծեց, որ չնայած 48 տարի բեմում է, պրեմիերայից առաջ հուզվում է: «Տարիների ընթացքում, իհարկե, ինքնավստահ ես դառնում, երբեմն դիմում իմպրովիզի, չնայած, երբ Չառլի Չապլինին հարցրել են, թե իմպրովիզը լավ բա՞ն է, նա պատասխանել է, որ 100 անգամ փորձած իմպրովիզն` այո: Կարծում եմ՝ ներկայացումը ստացված է»,-ասաց դերասանը:
«Դերասանի հիմնական նպատակն այն է, որ հանդիսատեսը հասկանա իրեն, ըստ արժանվույն գնահատի: Երբ տեսնում ես, որ ասելիքդ հասել է, ընկալվել է, լողում ես բաց ծովում»,-շեշտեց Պեպոյի դերակատար Տիգրան Ներսիսյանը և հավելեց, որ ներկայացման համար կարվել են հատուկ զգեստներ, որոնք համապատասխանում եմ տվյալ ժամանակաշրջանին:
«Պեպո» ներկայացման պրեմիերային ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, դերասաններ, արվեստի բնագավառի տարբեր գործիչներ:
«Լավ տրամադրությամբ եմ գալիս պրեմիերաների: Կարծում եմ՝ Էլբակյանի բեմադրությունը նոր հնչեղություն կունենա, իսկ վերազիված բեմը կարող է նպաստել դրան, սակայն առաջնայինը հետաքրքիր գրական ստեղծագործություններն են և բարձրակարգ դերասանական խաղը»,-նշեց դերասան Արա Դեխղտրիկյանը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին` Երևանում, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ` որպես առաջին պետական թատրոն: 1937 թվականին թատրոնն անվանակոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անվամբ: