Կարեն Բոթոյանը որոշել է մնալ անկախ պատգամավոր. հարցազրույց
Политика23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:
– Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ:
– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման որոշում. համենայն դեպս, երեկ դուք պատճառների մասին ոչինչ չասացիք:
– Ուշադիր եթե լսեք իմ խոսքը, ես պատասխանել եմ: Շնորհակալությո՛ւն:
– Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ձեր նկատմամբ ճշումներ են գործադրվել ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջոցով: Իսկապե՞ս այդքան դաժան էին այդ ճնշումները:
– (Ծիծաղում է…) Ես Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չեմ հանդիպել, չեմ զրուցել: Եվ եթե ես նրան չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որևէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու ընդհանրապես որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որևէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել, և ես արել եմ իմ հայտարարությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքից և բավականին անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում: Մի հարց տամ ձեզ՝ կհիշե՞ք որեւէ մեկին, որ ընդդիմադիր պատգամավոր է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված:
– Ո՛չ: Ուզում եք ասել, որ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ում այլեւս անհնա՞ր էր իրագործել ձեր ընտրատարածքին վերաբերվող խնդիրների լուծումը:
– Ես իմ ընտրատարածքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը տեսնում եմ ՀՀ Կառավարության հետ համագործակցության միջոցով: Միայն օրենսդիր մարմնում աշխատելը բավարար չէ մարզերում առկա խնդիրները կարգավորելու համար, դրա համար էլ ես ասում եմ, որ պետք է կառավարության հետ համագործակցել:
– Այսինքն՝ հետագա համագործակցության հա՞րցն էիք քննարկում նորանշանակ վարչապետի հետ ԱԺ դահլիճում՝ ի տես բոլորի:
– Հովիկ Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ առաջարկում է բոլորին համագործակցել ՀՀ Կառավարության հետ: Եվ ես զարմանում եմ, որ իմ ու վարչապետի զրույցն այդքան անսպասելի թվաց: Ես ՀՀ վարչապետի հետ քննարկում էի մեր հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքին:
– Իսկ դուք ի՞նչ բիզնեսներ ունեք, որոնց միջոցով հնարավոր լիներ ձեզ ճնշել:
– Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բիզնես չունեմ: Չեմ էլ ունեցել: Ոչ էլ բաժնետեր եմ եղել երբևէ: Ավելին, իմ ընտանիքի անդամների անունով գրանցված բիզնեսներ էլ չունեմ, որ գոնե դրանից կառչեն: Եթե որևէ մեկը շատ ցանկանում է պարզել իմ ասածը, հանգիստ կարող է անել, ես խաբելու ոչինչ չունեմ:
– Իսկ Ձեր աներոջը՝ Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) պատկանող բիզնեսների վրա ճնշում գործադրելով չէի՞ն կարող ձեր վրա ազդել:
– (Ծիծաղում է…) Տեղեկացնեմ Ձեզ, որ Սերգեյ Մանուկյանը իմ՝ ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու մասին իմացել է երեկոյան՝ հեռուստատեսությամբ լուրերին հետևելիս, և զանգահարել է ինձ՝ հետաքրքրվելու, թե ինչու եմ նման որոշում կայացրել:
– Եվ ի՞նչ եք պատասխանել:
– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս ԱԺ ՕԵԿ խմբակցությունից և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը:
– Իսկ ի՞նչ կարգավիճակ եք ունենալու ԱԺ-ում: Կմնաք ԱԺ անկախ պատգամավո՞ր, թե՞ կհամալրեք ՀՀԿ-ի շարքերը, որ 23 ընտրատարածքի հարցերն ավելի օպերատիվ կերպով կարգավորվեն:
– Ես արդեն դիմում եմ գրել ԱԺ նախագահին և հայտնել իմ մտադրությունը՝ ԱԺ անկախ պատգամավոր լինելու վերաբերյալ: Ես որոշել եմ լինել ԱԺ անկախ պատգամավոր: Շնորհակալությո՛ւն, ես շտապում եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/170980/