Հալեպում սիրիական բանակի տեղակայումը պատնեշ է Թուրքիայի առաջխաղացման համար. Ռուբեն Սաֆրաստյան
ИнтервьюՀալեպում սիրիական բանակի տեղակայումը նշանակում է պատնեշ Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Հալեպի ազատագրմանը, Մերձավոր Արևելքում տեղի ուն եցող վերջին զարգացումներին:
-Պարոն Սաֆրաստյան, սիրիական կոնֆլիկտի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հալեպի ազատագրումը:
-Ես կարծում եմ, որ Հալեպի ազատագրումը կարող է լինել մի այնպիսի իրադարձություն, որը կփոխի Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ընթացքը: Հալեպը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոն է, և այն, ըստ էության, ազատագրված է ջիհադականներից: Դա նշանակում է, որ Հալեպի ազատագրումը Սիրիայի իշխանությունների համար ոչ միայն մեծ հաղթանակ է ռազմական տեսանկյունից, այլև այն կարևոր նշանակություն ունի բարոյահոգեբանական առումով: Ստացվում է, որ սիրիական բանակը կարողանում է իր ազդեցությունն ամբողջությամբ տարածել երկու խոշոր քաղաքների վրա մայրաքաղաք Դամասկոսի և Հալեպի:
Այստեղ պետք է մի հանգամանքի վրա ևս կանգ առնել: Սիրիական բանակի տեղակայումը Հալեպում, նշանակում է պատնեշ Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացման համար:
-Հալեպի ազատագրումն ի՞նչ նշանակություն ունի տեղի հայ համայնքի անվտանգության տեսանկյունից:
-Ես կարծում եմ, որ հնարավորություն կստեղծվի վերականգնելու այն հայկական կյանքը, որ կար մինչ այս իրավիճակը:
-Երբ Հալեպի ազատագրման գործընթացը սկսվեց, Մոգերինին հայտարարեց, որ սիրիական իշխանությունների կողմից Հալեպի ազատագրումը լուրջ նշանակություն ունենալ չի կարող: Այսինքն` դա խնդիր չի լուծելու: Ի՞նչ կասեք Արևմուտքի նման արձագանքի մասին:
-Հասկանալի է, որ Արևմուտքը փորձելու է այս իրադարձության նշանակությունն ամեն կերպ թուլացնել: Ես դրանում չեմ կասկածում: Չնայած դրան, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հալեպի ազատագրումը նշանակում է, որ Ասադի իշխանությունը, Ասադի կառավարման տարածաշրջանն ընդլայնվում է: Դա նշանակում է, որ նա ավելի է ամրապնդում իր դիրքերը որպես գործիչ, որը շատ կարևոր դերակատարում կունենա խաղաղ կյանքի անցնելու շրջանում:
Այնպես որ, որքան էլ հայտարարություններ անեն Արևմուտքից, ձգտեն այս կարևոր իրադարձության նշանակությունը թուլացնել, շարունակել այն քաղաքականությունը, որի նպատակն էր Ասադին դուրս մղել Սիրիայի քաղաքականությունից, կարծում եմ, որ Հալեպի ազատագրումով, մեկ անգամ ևս երևում է, որ այդ քաղաքականությունը կարճաժամկետ էր և սխալ: Չի կարելի է պատկերացնել Սիրիայի անցումային շրջանն առանց Ասադի:
Իհարկե, Սիրիայի 40 տոկոսն է գտնվում կառավարության ձեռքում, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ Սիրիան ազատագրվի ջիհադականներից: Ամեն դեպքում կարևորն այն է, որ երկու խոշորագույն քաղաքները գտնվում են Սիրիայի կառավարության ձեռքում:
-Պարոն Սաֆրաստյան, դուք խոսեցիք Թուրքիայի առաջխաղացումը կանխելու մասին: Օրերս Թուրքիայում հերթական ահաբեկչությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնեցին քրդերը: Սա կարո՞ղ է պատճառ լինել թե Սիրիայում, թե Թուրքիայում Էրդողանի` քրդերին ուղղված քաղաքականության խստացման համար:
- Ակնհայտ է, որ Սիրիայում թուրքական նպատակներից մեկը քրդական շարժմանն ամեն կերպ խոչընդոտելն է: Բայց ես համոզված եմ, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունն առաջին հերթին իշխանությունները կօգտագործեն հենց տեղի քրդական կազմակերպություններին ուժեղ հարված հասցնելու համար: Նույնիսկ այնպիսի կազմակերպություններին, որոնք քաղաքական են, հասարակական են ու նման ահաբեկչությունների հետ ոչ մի կապ չունեն: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիայում ճնշումների էլ ավելի մեծ ալիք բարձրացավ` ուղղված քրդերի դեմ:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ես չեմ կապում Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը այս ահաբեկչության հետ: Ես կարծում եմ, որ Թուրքիան կշարունակի իր ռազմավարական նպատակներից մեկը` Սիրիայում քրդական շարժումը ճնշելը: Այդուհանդերձ, չմոռանանք, որ Թուրքիայի գլխավոր նպատակն է ամեն կերպ հնարավորություն ունենալ ներազդելու Սիրիայում անցումային շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կփորձի այնպիսի ազդեցություն ունենալ Սիրիայի վրա, որ այն երբեք չվերականգնվի որպես աշխարհաքաղաքական միավոր:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի