Ճանապարհները մաքրելու համար առկա տեխնիկան բավարար չէ. նախարար
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի ճանապարհները մաքրելու համար առկա տեխնիկան բավարար չէ: Այդ մասին Մարտիրոսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքում ձյան առատ տեղումներին և ճ անապարհների ձնամաքրման աշխատանքներին:
«Ամբողջ տեխնիկան աշխատում էր, ես անձամբ եմ եղել շրջաններում, որովհետև վերադառնում էի Վրաստանից: Հատուկ ճանապարհս այնպես ընտրեցի, որպեսզի ամենակարճը չլինի, անցնեմ նաև այլ ճանապարհներով: Կարող եմ հաստատել, որ իսկապես, բոլորն աշխատում էին արտակարգ ռեժիմով: Եվ ձյան մաքրումն էին կազմակերպում, և աղով ու ավազով մշակումը, բայց ձյան քանակն այնքան շատ էր, որ ճանապարհը նորից ծածկվում էր ձնով»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Հարցին, թե ստացվում է, որ լրացուցիչ տեխնիկա՞ է անհրաժեշտ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա միշտ էլ հարկավոր է: Նրա խոսքով՝ այսպիսի արտակարգ դեպքերի ժամանակ մաքսիմալ քանակով տեխնիկան անգամ կարող է չբավարարել: