«Աֆրիկայում Էբոլա վիրուսի աննախադեպ տարածման պատճառը միգրացիան է». ԱՀԿ
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի աննախադեպ տարածման պատճառն աշխատանքային միգրացիան է և երկրների միջև թափանցիկ սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը լրագրողներին հայտարարել է ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի կողմերի Խորհրդաժողովի վեցերորդ նստաշրջանում:
«Ուգանդայում (արևելյան Աֆրիկայում), Գաբոնում (արևմտյան) տեղի ունեցած նախորդ բռնկումները տեղի են ունեցել շատ հեռավոր, գյուղական, դժվարամատչելի շրջաններում: Վերջին 40 տարվա ընթացքում, իհարկե, բնակչության թվաքանակն այս երկրներում ավելացել է. դրան գումարվում է նաև այն, որ երկրների միջև ազգային սահմանները խիստ թափանցիկ են, ինչպես նաև աշխատանքային միգրացիան՝ աշխատանք գտնելու ձգտումը: Սրանք հենց այն գործոններն են, որոնք նպաստում են այդ վարակի տարածմանը»,-հայտարարել է Չենը:
Նրա խոսքով՝ իրադրությունը բարդացնում է նաև Արևմտյան Աֆրիկայի երկրներում առողջապահության մակարդակը: «Շատ դժվար է բռնկումը տեղափակել այս երեք երկրներում (առավել տուժած Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում), ուստի ես կոչով դիմել եմ միջազգային հանրակցությանը, որպեսզի այդ երկրներին համաշխարհային աջակցություն ցուցաբերվի Էբոլայի դեմ նրանց պայքարում»,-ասել է Չենը:
Ինչպես հաղորդել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը, Եվրամիության անդամ 28 երկրների առողջապահության նախարարները հոկտեմբերի 16-ին Բրյուսելում արտակարգ հանդիպում կանցկացնեն Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերի շուրջ:
Սպասվում է, որ նիստում կարծարծվեն, մասնավորապես, ԵՄ-ի երկրներ մահացու վտանգավոր վիրուսի ներթափանցման ռիսկի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ Աֆրիկայի երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը խստացնելու ճանապարհով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: