Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Ժան Տիրոլին
Տնտեսության բնագավառում մրցանակը, որը Շվեդիայի Պետբանկի կողմից սահմանվել է ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, շնորհվել է ֆրանսիացի տնտեսագետ Ժան Տիրոլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին Ստոկհոլմում հաղորդել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան:
Թուլուզի համալսարանի պրոֆեսոր Ժան Տիրոլը այդ մրցանակին արժանացել է «շուկայի և կարգավորման ուժի վերլուծության» համար:
Ալֆրեդ Նոբելն ինքը 19-րդ դարավերջին կտակել էր միայն հինգ պարգև՝ ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և խաղաղության ամրապնդման բնագավառում: Դրանց դափնեկիրների անունները Ստոկհոլմում և Օսլոյում հայտնի են դարձել անցյալ շաբաթ: Տնտեսության գծով մրցանակը հիմնվել է ավելի ուշ՝ 1968 թվականին, և այդ պարգևին արժանացածների դրամական պարգևատրման համար պատասխանատու է Շվեդիայի Պետբանկը:
2014 թվականին Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 8 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ-ի դոլար): Նոբելյան դափնեկիրների պարգևատրումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում Ստոկհոլմում սեպտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: