Սնանկության գործով կառավարիչները 2016թ-ի որակավորման ստուգման քննություն են հանձնել
ОбществоՀՀ արդարադատության նախարարության նախապես հայտարարած սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման քննությունը, որին նախնական հայտ ներկայացրած 53 դիմորդներից մասնակցել է 49-ը, մեկնարկել է դեկտեմբերի 16-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ և քննական հանձնաժողովի նախագահ Արթուր Հովհաննիսյանը որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացրել է թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել է քննական հարցաշարերը և այն լրացնելու համար տրվել է 150 րոպե ժամանակ:
Սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 49 մասնակցից թեստավորման փուլի 90 տոկոսի շեմը հաղթահարել և այդպիսով քննության հարցազրույցի փուլ է անցել 42 մասնակից: Հարցազրույցի փուլը մասնակիցների հետ անցկացվում է իրենց կողմից պատահական ընտրված հարցատոմսերի միջոցով. արդյունքների ամփոփման հիման վրա որակավորման ստուգման քննությունը հաղթահարած մասնակիցների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: