Փիլիպոսի աղբյուր սրբավայրի նկատմամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի սեփականության իրավունքը չի խախտվել. պարզաբանում
ОбществоԵրուսաղեմի քաղաքապետարանը Հայոց պատրիարքարանի օգտին որոշում է ընդունել` հանելով Փիլիպոսի Աղբյուր սրբավայրը Ազգային Պարտեզի առաջարկած զբոսաշրջային գյուղ կառուցելու ծրագրից: Այս մասին նշված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից տրամադրած մեկնաբանության մեջ:

Դեռ 2012 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը Երուսաղեմի քաղաքապետարան բողոքագիր էր ներկայացրել այդ շրջանում Ազգային Պարտեզի առաջարկած զբոսաշրջային գյուղ կառուցելու ծրագրի դեմ՝ այն դիտարկելով որպես Փիլիպոսի Աղբյուր սրբավայրի համար անհարիր:
«Երուսաղեմի Հայոց պատրիարքի նախաձեռնությամբ դիմում-նամակ կպատրաստվի Պատրիարքարանի կողմից, որը կուղարկվի Իսրայելի կառավարությանը՝ Երուսաղեմի հոգևոր պետերի ստորագրությամբ, որով կոչ կարվի կառավարությանը՝ վերանայել սրբավայրը կանաչ գոտի հայտարարելու որոշումը և արտոնություն կտրվի պատրիարքարանին՝ սրբավայրի մեջ մատուռ կառուցել»,- նշված է մեկնաբանությունում:
«Փիլիպոսի Աղբյուր» անունով հայտնի կալվածքը Հայոց Պատրիարքարանին է պատկանում 1600-ական թվականներից: Կալվածքի մեջ գտնվում է այն աղբյուրը, որի ջրով Ս. Փիլիպոս առաքյալը մկրտել է եթովպացի ներքինիին: Այս պատմությունը հիշատակվում է Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքի մէջ (Գործք, 8:26-40):
1960 թթ. Իսրայելի կառավարության կողմից կալվածքը հայտարարվել է «կանաչ գոտի», ինչը նշանակում է, որ այդ տարածքի վրա ո՛չ սեփականատերը (Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը) կարող է որևէ բան կառուցել, առանց կառավարության հավանության և ո'չ էլ կառավարությունը` առանց Հայոց Պատրիարքարանի արտոնության:
2016 թվականի նոյեմբերի 26-ին սրբավայր կատարած տարեկան ուխտագնացություններից հետո հրեական «Երուսաղեմ» թերթը հոդված էր տպել, որտեղ ասվում էր թե Իսրայելի կառավարությունը որոշել է կալվածքը հանձնել Ազգային Պարտեզին, որն ապագայում այն կարող է դարձնել կրոնական հրեաների «ջրով մաքրման» վայր: Հոդվածագիրը նաև նշում է, որ համայնքը մեղադրվել է պատրիարքին, ով իբրև թե ձախողել է սրբավայրի պաշտպանության գործում: Օրերս նույն թերթում Պատր իարք Սրբազան Հոր ստորագրությամբ տպագրվել է նաև պարզաբանում-նամակը: