Քանդակագործ Էռնեստ Նեիզվեստնու մասին ֆիլմը հանձնվեց հայ հանդիսատեսի դատին
КультураՀայաստանում երաժիշտ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ստաս Նամինի «Զրույց Նեիզվեստնու հետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն քանդակագործ, նկարիչ Էռնեստ Նեիզվեստնու մասին է:
«Էռնեստը յուրահատ ուկ կյանքով ապրած ստեղծագործող էր, որն անցել էր նաև պատերազմի արհավիրքի միջով: Նրա մասին հիանալի ֆիլմեր են նկարահանվել: Այս կինոնկարն այլ է. ֆիլմում կարելի է տեսնել երկու մարդկանց, որոնք պարզապես զրուցում են արվեստի, սիրո մասին: Սա Էռնեստի վերջին հարցազրույցն էր»,- նշեց Նամինը:
Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, որտեղ քանդակագործը բնակվել է 1977 թվականից ի վեր: Կինոժապավենի ստեղծման գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Նամինի որդի` Արտեմը, որը զրուցել է Նեիզվեստնու կնոջ` Աննա Գրեմի հետ:
Դոկումենտալ ֆիլմում քանդակագործը ներկայացվում է ոչ պաշտոնական` ընտանեկան միջավայրում`խոսելով կյանքի մասին:
Զրույցն ավարտվում է «Բավական է» խոսքով: Էռնեստ Նեիզվեստնին կյանքից հեռացել է 2016 թվականի օգոստոսի 9-ին:
Նրա աշխատանքները մեծ ժողովրդականություն են վայելել, ինչպես Խորհրդային միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Նամինը նշեց, որ իր և Նեիզվեստնու ընկերությունը հետաքրքիր էր և ինքը շատ է կարևորում այս անմիջական և գեղեցիկ ֆիլմի դերը:
Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից է, ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը: Էստրադային երաժշտությունից բացի նաև սիմֆոնիկ գործեր է գրում`այն խառնելով էթնիկ մեղեդիներին: Ավելի քան 15 տարի Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստա Միկոյանի թոռը: