Լեոն Հարթ. Վլոդարչիկին առաջարկեցի ռեւանշ, որը հավանաբար կլինի փետրվար- մարտին
СпортNEWS.am Sport-ը գրում է.
Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունն ինձ շատ է մոտիվացնում եւ դրա տակ դուրս եկա Լեհաստանի ռինգ, սակայն մրցակիցս ինձնից ուժեղ էր: Մենամարտից հետո Վլոդարչիին ռեւանշ առաջարկեցի։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, ով դեկտեմբերի 10-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում IBF Intercontinental-ի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում պարտություն էր կրել IBF եւ WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Քշիշտով Վլոդարչիկից։
Լեոն, քո առաջին 12 ռաունդանոց մենամարտում պարտվեցիր: Ինչո՞ւ:
Ռինգում առաջին անգամ անցկացրեցի 12 ռաունդանոց մենամարտի եւ ինձ համար իսկապես բարդ էր: Սա շատ երկար եւ լուրջ մենամարտ էր ինձ համար: Մրցակիցս ուժեղ էր, տիտղոսակիր, այս կարգի չեմպիոն, այդ պատճառով մենանամարտը զգույշ սկսելուս նպատակը ուժերս հավասար բաշխելն էր, բայց ստացվեց այնպես, որ վերջում հասկացա՝ կարող էի ավելին անել, եթե հենց սկզբից էլ մեծ թափով սկսեի: Բայց արդեն ուշ էր: Ոչ թե ուժով էր ինձնից առավել լեհ բռնցքամարտիկը, այլ 12 ռաունդանոց մենամարտի փորձը նրան հաղթանակ բերեց: Ես համարում եմ, որ անփորձ էի, եւ դա ինձ խանգարեց:
Գուցե հոգնածությունը եւս դեր ունեցա՞վ:
Հոգնածություն չեմ զգացել, ամբողջ մենամարտի ընթացքում նույնիսկ չէի մտածում հոգնածության մասին, ուղղակի վերջում չհասկացա՝ ինչը թույլ չտվեց, որ կարողանայի ավելին անել: Մարզիչս վերջում ասաց, որ ես իմ հնարավորության 80 տոկոսը ցույց տվեցի ռինգում, բայց կարողի էի 100 տոկոսով մենամարտել, քանի որ պատրաստ էի:
Ի՞նչ կասես Քշիշտով Վլոդարչիկի մասին:
Ուժեղ էր, իսկապես շատ լավ բռնցքամարտիկ է: Շատ լավ տեխնիկա ունի: Ես հեշտ մենամարտեցի նրա հետ, տարածության խնդիր չունեցա, չնայած կարող էր լիել, քանի որ ինձնից բարձրահասակ էր: Իսկ ես երկար ձեռքեր ունեմ, եւ ռինգում մենք երկուսս էլ հարմարվեցինք միմյանց:
Ինչպե՞ս ընդունեց Լեհաստանը Հայաստանը ներկայացնող մարզիկին:
Ես հիացած եմ լեհերի ընդունելությունից: Շատ ջերմ ընդունեցին, ինձ շատ լավ երկրպագում էին, հյուրանոցի ընդունարանում սպասում, լուսանկարվում հետս: Ամեն ինչ շատ լավ էր:
Մարզադահլիճ մտա Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, Հայաստանի դրոշով: Հատուկ ընտրել էի «Արցախը». մտածեցի՝ օտար երկրում եմ, ներկայացնում եմ Հայաստանը, թող անպայման հայ կոմպոզիտորի երաժշտությունը լինի: Դրսի հայերը շատ են սիրում այդ երաժշտությունը, մեզ բոլորիս, ինձ մասնավորապես շատ է ոգեւորում այդ երաժշտությունը: Հանդիսատեսը եւս շատ ոգեւորվեց այդ երաժշտությունից:
Ե՞րբ եւ ու՞մ հետ կլինի հաջող մենամարտդ:
Այս մենամարտի վերջում լեհ բռնցքամարտիկին առաջարկեցինք ռեւանշ մենամարտ, որը հավանաբար կլինի փետրվար-մարտ ամսին: Նրանք դեռեւս չեն պատասխանել, բայց կարծում եմ՝ դեմ չեն լինի:
Լեոն մենամարտից առաջ ասացիր, որ ցանկանում ես հաղթել եւ 16 տարվա ընդմիջումից հետո հաղթանակած գալ Հայաստան:
Իսկապես շատ եմ ցանկանում գալ իմ հայրենիք: Ուզում էի անպայման հաղթանակով գալ, բայց ոչինչ անել չեմ կարող: Չստացվեց: Անպայման գալու եմ, բայց դեռ չեմ որոշել՝ երբ: Այժմ ձեռքի մի փոքր վնասվածք ունեմ, լիարժեք կապաքինվեմ, հետո նոր կգամ: Մինչեւ Նոր տարի չեմ հասցնի գալ, չնայած շատ կուզեի դիմավորել Հայաստանում: Շատ եմ սիրում այդ տոնը, հայերիս նշելու ձեւը, միմյանց հյուր գնալը: 2017-ին անպայման կգամ:
Լուսինե Շահբազյան