Մարմնամարզության պատանեկան թիմի մարզիչը հույս ունի, որ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 2 մարզիկ
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների թիմերի ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները:
Հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչ Գառնիկ Սարոյանը:
Մարզիչը ներկայացրել է հավաքականների հետ տարվող աշխատանքները` ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցություն: «Մեր երիտասարդ մարմնամարզիկները մասնակցում են ՀՀ մեծահասակների առաջնությանը: Դա ավելացնում է նրանց փորձառությունը, և երիտասարդները հետագայում հաջողությամբ համալրում են մեծահասակների հավաքականը»,- ասել է Գ. Սարոյանը:
Մարզչի խոսքով՝ պետական բյուջեից 2017 թվականին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող ֆինանսավորման ավելացումը կնպաստի իրականացվելիք աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: «Նախատեսում ենք, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք երիտասարդական օլիմպիական խաղերում մենք կունենանք 2 մասնակից: Սա լավ ցուցանիշ կլինի հայկական մարմնամարզության համար»,- ասել է Գառնիկ Սարոյանը:
Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը և ավագ մարզիչը Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատել է բավարար: