ԵԱՏՄ տարածքում ընդլայնվելու է միջպետական բեռնափոխադրումների շրջանակը
ОбществоԵվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» եւ Հայաստանի հարավային երկաթուղու Հայաստան-Իրան ծրագրերը ճանաչվել են առաջնային նախագծեր:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՏՄ տրանսպորտի նախարարների խորհրդակցությունում քննարկվել է անդամ-պետություններում «կաբոտաժային փոխադրումների» իրականացման ընթացքը:
«Ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ փոխադրողներին անդամ-պետությունների տարածքում հիմնական փոխադրումն ավարտելուց հետո իրականացնել մեկ «կաբոտաժային փոխադրում» հետադարձ ուղղությամբ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա կընդլայնի ԵՏՄ տարածքում միջպետական բեռնափոխադրումների շրջանակը:
Վահան Մարտիրոսյնը նշեց նաեւ, որ որոշվել է մինչեւ 2025 թվականը անդամ-պետությունների կողմից ազատականացնել տրանսպորտային շուկաները: «Դրա արդյունքում էլ կկրճատվեն փոխադրողների ծախսերը եւ կբարձրանա անվտանգության մակարդակը»,-հավելեց նախարարը: