Ավիափոխադրումներն ու լաստանավային բեռնափոխադրումները կարող են Լարսին որպես այլընտրանք ծառայել. նախարար
ОбществоՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների իրականացման համար քննարկվում են այլընտրանքային տարբերակներ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Լարսի անցակետը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող առայժմ միակ ճանապարհն է, սակայն առաջիկայում որպես Լարսի համար այլընտրանք նպատակ կա կիրառել ավիափոխադրումների, կամ լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:
«Այսօր, սակայն, Փոթիի նավահանգիստը նավեր չի ընդունում փոթորկի պատճառով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Լարսն արդեն բաց է, եւ Հայաստանի սահմանին են մոտեցել արդեն 300 մեքենա ոչ միայն Լարսից, այլեւ Փոթիի նավահանգստից: «Մեր վրացի գործընկերները ջանք չեն խնայում ամեն ինչ անելու, որպեսզի ճանապարհը լինի անցանելի, սակայն մեծամասամբ դա եղանակից է կախված»,-ասաց Վահան Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: