Բարձր պահելով ծառայության և պետության հեղինակությունը. ԱԱԾ աշխատակիցները նշում են մասնագիտական տոնը
ОбществоՀայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 20-ին նշում են իրենց մասնագիտական տոնը: Ազգային անվտանգության ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծառայության աշխատակցի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ով ընթերցեց ԱԱԾ աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահի ուղերձը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը. «Պարոնայք սպաներ, հարգելի վետերաններ և հյուրեր: Ողջունում եմ ձեզ և շնորհավորում եմ Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին, համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Որպես ծառայության տնօրեն՝ առաջին անգամ պատիվ ունեմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր կոչված են արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, երկրի տարածքային ամբողջականությունը, պետության ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը և մեր հանարակության անվտանգությունը: Շուրջ մեկ տարվա ընթացքում մենք անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ՝ սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ձևավորված իրավիճակի համեմատաբար խաղաղ հանգուցալուծմամբ»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Նա հավելեց, որ այս ժամանակահատվածում կարողացել են դիմակայել լուրջ մարտահրավերների:
«Ուստի, տոնական առիթն օգտագործելով, ցանկանում եմ այս անգամ արդեն հրապարակայնորեն իմ խորին շնորհակալությունը հայտնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների այն ծառայողներին, ովքեր բոլորիս համար դժվար և ծանր պահերին կարողացան դրսևորել իրենց որակներն ու ապացուցել, որ այս աշխատանքը պահանջում է հատուկ խառնվածք և հաստատուն կամք:
Փորձը ցույց տվեց, որ կշռադատված քայլեր կատարելու և սթափ որոշումներ կայացնելու դեպքում մենք ունակ ենք լուծ ել ամենաբարդ խնդիրները, հաղթահարել թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ խոչընդոտները, բարձր պահել մեր ծառայության և պետության հեղինակությունը: Ելնելով մեր գործունեության առանձնահատկություններից ծառայության կողմից հաջողությամբ լուծված խնդիրների միայն մի մասն է հասու դարձել հանրությանը: Տարվա ընթացքում կատարված աշխատանքի իրական ծավալների մասին կվկայի նաև այսօր տեղի ունենալիք պարգևատրման արարողությունը»,- ընդգծեց Գեորգի Կուտոյանը:
Եզրափակելով խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրենը կարծիք հայտնեց, որ այսպիսի տոնական օրերին պետք է ոչ միայն ամփոփեն մասնագիտական գործունեության մեջ ունեցած հաջողությունները և արձանագրված դրական արդյունքները, այլև ուրվագծեն առաջիկա անելիքները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում նշանակալի ձեռքբերումների համար ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին Արիության եւ Մարտական ծառայության մեդալներով:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի քանի աշխատակիցներ արժանացան ՀՀ վարչապետի հուշամեդալի եւ շնորհակալագրի, ինչպես նաեւ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների պատվոգրերի եւ մեդալների:
Ազգային անվտանգության ապահովման գործուն ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական արդյունքների համար ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով, մեդալներով: