Սևան Նիշանյանը բանտարկված է խոսքի ազատության համար. Index on Censorship
ОбществоԽոսքի ազատության համար պայքարող Index on Censorship («Գրաքննության ինդեքս») կազմակերպությունը հարցազրույց է ունեցել Թուրքիայում բանտարկված պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի հետ:
Հետազոտող Ջոն Բաթլերը Նիշանյանի հետ հարցազրույցը վերնագրել է հետևյալ կերպ` «Թուրքիա. Լեզվաբանը բանտարկված է խոսքի ազատության համար»:
Նիշանյանը պատմել է, որ պահվում է բանտային սարսափելի պայմաններում: «Մեր բանտարկյալների շուրջ երկու երրորդը վերջերս տեղափոխվել են այլ վայրեր, իսկ մնացածը տարվել են խիտ բնակեցված խցեր, որպեսզի սենյակներ պատրաստվեն երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մարդկանց համար»,- նշել է պոլսահայ մտավորականը:
Բաթլերը նշել է, որ Նիշանյանի հետապնդումները սկսվել են 2012 թվականից, երբ նա իր բլոգում գրառում կատարեց խոսքի ազատության մասին` խոսելով Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին: Այդ ժամանակվա արդարադատության նախարարը, ելույթ ունենալով հեռուստաալիքներից մեկով, հայտարարեց, որ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ մնալ չի կարող:
«Մտահոգ քաղաքացիների» խմբերը Նիշանյանի դեմ դատական գործեր հարուցեցին Թուրքիայի գրեթե բոլոր 81 նահանգներում:
Հեղինակը փաստել է, որ դրանից հետո Նիշանյանի հետ կատարվածն ավելի դաժան է եղել: Գտնվելով բանտում` նրա դեմ ներկայացվել էր 11 դատական հայց Շիրինջե գյուղում շինարարություն իրականացնելու համար: Այն այժմ մշակութային ժառանգություն է համարվում և հայտնի զբոսաշրջային ուղղություն է: Այս բոլոր մեղադրանքների համար նա դատապարտվեց 16 տարի և 7 ամիս ազատազրկման:
Բաթլերը գրում է, որ ինչպես Նիշանյանը, այնպես էլ շատ ուրիշներ կարծում են, որ դա քաղաքական հետապնդման դեպք է: «Իսլամական զգայուն թեմաների դեմ խոսելու համար ոչ մուսուլմանին, հային բանտարկելը առաջին նմանօրինակ դեպքն է Թուրքիայի Հանրապետությունում»,- ասել է Նիշանյանը:
Չնայած ամեն ինչին` նա վստահ է, որ ժամանակն անիմաստ չի վատնել: Նիշանյանն աշխատել է թուրքերենի ստուգաբանական բառարանի երրորդ հրատարակության վրա, որը ավելի քան 1500 էջից է բաղկացած: