Առևտրի և ներմուծման ծավալների անկումից հետո Վարդան Արամյանը տարին աճով ամփոփելու հույս է հայտնում
ЭкономикаԵրկու տարի ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններ մեր տնտեսության վրա, որը ազդել է նաև պահանջարկի վրա:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` կան ցուցանիշներ, որոնք իրենց վրա կրել են այդ ազդեցությունը:
«Օրինակ, ականատես էինք լինում թե ինչպես երկու-երեք տարի անընդմեջ տրանսֆերտների անկում էին տեղի ունենում, որն ազդել է բնակչության գնողունակության և սպառման վրա: Դա նաև դրսևորվել էր առևտրի ցուցանիշների վրա: Առևտրի աճի տեմպը միշտ եղել է բացասական: Բայց վերջերս հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշներից ականատես եղանք, որ առևտրի ցուցանիշը դրական է: Մենք փաստում ենք, որ սպառման անկումը շրջվել է դեպի աճի կողմ»,- ասաց Արամյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ երկու տարի անկում է գրանցվել նաև ներմուծման ծավալներում, սակայն ներկայումս ունենք այդ ցուցանիշի 2 տոկոս աճ: Դա նշանակում է, որ ներքին տնտեսությունում պահանջարկի աճը զգացնել է տալիս, որն արտացոլվում է ներմուծման մեջ:
«Կարծում եմ, 2017 թվական մուտք կգործենք այս դրական միտումներով»,-հավելեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: