Ֆինանսների նախարարությունը շարունակելու է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ներդրումը
ЭкономикаՇարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմիններում և նրանց ենթակա ՊՈԱԿ-ներում հաշվեգրման հիմունքի վրա հիմնված հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` ներկայումս ուսումնասիրման գործընթացում է գտնվում 2016 թվականի հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառմանն անցում կատարած թվով 16 մարմիններում նոր համակարգի ներդրման առկա իրավիճակը, ինչպես նաև մեթոդական օգնություն է ցուցաբերվում առաջացած խնդիրները լուծելու համար:
«Կարևոր է, որպեսզի ունենանք ընդհանուր մոտեցում, թե պետության ընդհանուր ակտիվներն իրական արժեքում ինչպիսին են: Այս հաշվապահական աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են լինելու: Գերատեսչությունները 2017 թվականին կներկայացնեն իրենց հաշվետվությունները, և կպարզենք , թե ինչպես է առաջին պիլոտային փուլն անցել»,- ասաց Վարդան Արամյանը: