Էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում,-այս մասին հայտնում է ORER.am-ը` տեղեկանալով ՀՀ առողջապահության նախարարությունից: Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ Միաժամանակ` առաջարկվել է գյուղատնտեսության նախարարությանն արգելել վայրի կենդանիների մուտքը հանրապետություն: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976-ին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է: Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում: Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում` մեկուսացման պայմաններում: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է: Հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ: