Սպենդիարյանի տուն-թանգարանում մրցանակներ են հանձնել մշակութային հաստատության աջակիցներին
КультураԱլեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ տարեվերջյան մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակներ են ստացել թանգարանում կամավորական աշխատանքներ իրականացրած եւ ամենից շատ այցելություններ կազմակերպած անձիք:
Ինչպես նշել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այս միջոցառման նպատակն է երախտիքի և շնորհակալության խոսքեր հայտնել այն մարդկանց, ովքեր 2016 թվականի ընթացքում իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել են տուն-թանգարանի մշակույթային կյանքի ակտիվացմանը:
«Նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում թանգարանում: Մենք կարևորել ենք դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժների ավանդը, որոնք ամեն ինչ անում են Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը փոխանցելու երիտասարդ սերնդին»,- ընդգծել է Օթարյանը:
Մրցանակները սահմանված են 13 անվանակարգերում` «ամենաակտիվ աշակերտ», «ամենաակտիվ ուսանող», «ամենաակտիվ հանրակրթական դպրոց», «ամենաակտիվ երաժշտական դպրոց», «աջակից ուսուցիչ», «ամենաարդյունավետ համագործակցություն», «աջակից դասախոս», «աջակից լրատվամիջոց», «աջակից լրագրող», «թանգարանի նոր բարեկամ», «թանգարանի նոր գործընկեր», «թանգարանի վիրտուալ բարեկամ» և երեք հատուկ մրցանակ ակտիվ գործունեության համար:
Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական հմտություններն են ներկայացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները:
1959 թվականին Մարինա և Տատյանա Սպենդիարովաները, այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի։ Տուն-թանգարանը բացվում է 1967 թվականին։ Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է։