Գալիք տարում յոթ պատմամշակութային հուշարձան է վերանորոգվելու
ОбществоՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ հաջորդ տարի լիարժեք կվերանորոգվի յոթ պատմամշակութային հուշարձան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արմեն Ամիրյանը:
«Տարեկան պատմամշակութային հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը հատկացվում է 250 միլիոն դրամ, իսկ մեր երկրի ողջ տարածքում կա 24 000 հուշարձան, հետևաբար հնարավոր չէ արագ բոլորը վերականգնել: Հաջորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կվերանորոգվի յոթը հուշարձան»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով` հուշարձանների պատրաստ լինելուն պես իրենք կհրավիրեն միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչների և միջոցառման ուղեկցությամբ դրանք շահագործման կհանձնվեն:
Ամիրյանը համոզված է, որ լավագույնս պահպանվում են այն հուշարձանները, որոնք լիարժեք վերանորոգված են և շահագործվում են:
«Քանի որ համայնքի ղեկավարը գիտակցում և հասկանում է, որ շահ ունի այդ հուշարձանից, որ դրա շուրջ կարող է հյուրատներ, հուշանվերների խանութներ կառուցել, ամեն ինչ անում է այն պահպանելու համար»,-շեշտեց նախարարը: