2025-ին մարզերում ակտիվ ձեռնարկությունների թիվը կաճի 10 տոկոսով
Экономика2025 թվականին առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«2025 թվականին՝ համեմատած 2016 թվականի հետ, բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի ամենաքիչը 10 տոկոսով»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով` Եվրոպական Միության հետ կա նախնական համաձայնություն և քննարկվում է բյուջետային օժանդակության ստանալու հարցը։
2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը հավանության է արժանացել 2016 թվականի հուլիսի 29-ին ՀՀ Կառավարության կողմից։ Ռազմավարության համաձայն, նախատեսվում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում։
Նախարար Լոքյանի խոսքով` կա նպատակ, որպեսզի հանրապետության ողջ տարածքում ստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան համակարգ։ Այն տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին։
2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը հավանության է արժանացել 2016 թվականին դեկտեմբերի 8-ին։