Պարգևատրվեցին Շիրակի մարզի մշակույթի գործիչները
КультураՇիրակի մարզում մշակութային ակտիվ գործունեություն ծավալած և տարբեր մշակութային ծրագրերով աչքի ընկած կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչներն արժանացան պարգևների:
Դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզպետարանի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին տարվա ընթացքում մարզի մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների, երաժշտական և արվեստի դպրոցների ներկայացուցիչներն ու անհատ կատարողները: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, շնորհավորելով բոլոր ներկաներին տոների կապակցությամբ, նշեց, որ մշակութային առումով 2016-ը ձեռքբերումների տարի կարելի է համարել. «Շիրակի մարզը միշտ էլ աչքի է ընկել մշակութային հաջողություններով, 2016 թվականն այս առումով բացառություն չեղավ: Ուրախ եմ, որ մենք հիասքանչ երեխաներ, երիտասարդներ ու համույթներ ունենք, որոնք հիանալիորեն հանդես են գալիս ինչպես հանրապետության տարբեր բեմերում, այնպես էլ մեր երկրից դուրս»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Շիրակը լավագույնս ներկայացրեց ու անցկացրեց մի շարք մշակութային նախաձեռնություններ ու փառատոններ:
Մարզպետի անունից շնորհակալագրերի ստացան նաև 2016 թվականի ընթացքում անցկացված մշակութային միջոցառումների մարզային և հանրապետական փուլերի մասնակիցները, հաղթողներն ու մրցանակակիրները. շիրակյան մշակույթը լավագույնս ներկայացնելու համար պարգևատրվողների թվում էին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի, “Երգը բարեկամության կամուրջ է” ռուսական երգի, “Զվարթնոց» հայ երգի, “Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության մրցույթ-փառատոնների մասնակիցները:
“Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիր շրջանակներում Երևանում ցուցահանդեսի կազմակերպման և Շիրակի մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու համար պարգևատրվեցին մի շարք երաժշտական դպրոցներ, դպրոցների սաներ ու համույթներ:
Պատվոգրեր և հուշանվերներ ստացան նաև «Ծիրանափող»և «Բարեկամ» ՀԿ-ները` մարզպետարանի կողմից անցկացված մշակութային միջոցառումներին հավուր պատշաճի մասնակցելու, իսկ Գյումրու Ժողովրդական գործիքների և Սիմֆոնիկ նվագախմբերը, Երկրագիտական և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններն էլ` շիրակյան մշակույթը լավագույնս մատուցելու համար: