Միջազգային դրամաշնորհով սահմանամերձ համայնքներում կկառուցվեն փոքրածավալ ջերմոցային տնտեսություններ
Экономика2016 թվականին իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք միտված են աջակցելու գյուղի և գյուղական զբոսաշրջության, քաղաքացիական հասարակության ու ՏԻՄ զարգացմանը։
Դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մատնանշեց ծրագրերից մեկը՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայության ամրապնդում» անվանմամբ, որի շրջանակներում միջազգային դրամաշնորհ է հատկացվել 5 մլն ԱՄՆ դոլարի չափով։
«Ծրագրով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրերի իրագործում։ Այդ թվում, 45 համայնքներում կարիքների գնահատում և համայնքային զարգացման պլանների ստեղծում մասնակցային ինտեգրված մեթոդոլոգիայով։ Ինչպես նաև կան այլ նախագծեր, օրինակ՝ 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում, 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում, 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում։ Նախատեսվում են նաև իրականացնել 3 գյուղմթերքների հավաքման կետերի, տնտեսությունների հիմնում , կատարել 6 վերապատրաստման դասընթաց և 7 ուսուցողական այց Ռուսաստանի Դաշնություն»,- ասաց նախարարը։
Մեկ այլ՝ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացում» ծրագրի շրջանակներում, որի շուրջ հատկացված դրամաշնորհը կազմել է 3 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է տեղական մակարդակի տարաբնույթ շահառուների շրջանում ստեղծել սիներգետիկ օգուտներ՝ ներգրավելով տեղի մարդկային ռեսուրսները սոցիալական խտրականության դեմ պայքարին ուղղված արժեքների ստեղծման հարցում։
Ինչպես նաև ապահովվելու է կայուն զարգացում՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման պահանջները:
Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության խթանման ծրագրեր են իրականացվել Ախալցխեի հասարակության զարգացման կենտրոնի (Վրաստան), Իջևանի քաղաքապետարանի (Հայաստան), Բոլնիսի լեզվի տան (Վրաստան), Մարնեուլիի ժողովրդավարական կանանց հասարակության, ՀԿ կենտրոն ՔՀ զարգացման կազմակերպության (Հայաստան), CIDA քաղաքացիական զարգացման գործակալության (Վրաստան), Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի (Հայաստան), Մեղվիկ ՀԿ-ի (Հայաստան), Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնի (Հայաստան) մասնակցությամբ: Ծրագրի դրամաշնորհը կազմում է 1.5 մլն եվրո։
Նախարար Լոքյանը բոլոր նախագծերից նաև շատ կարևորեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում կամրացվեն հանրապետությունում 46 կրթօջախներ։