Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երիտասարդ երաժիշտները հայերեն կկատարեն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի գործերը
КультураԱնվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-րդ հոբելյանի առիթով Երևանում և Ստեփանակերտում համերգներով հանդես կգան հույն, չինացի և ավստրալացի երիտասարդ կատարողներ: Նրանք հայերեն կկատարեն Քուչակի, Տերյանի, Սահյանի խոսքերով գրված մանսուրյանական վոկալ շարքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: «Ցանկացա, որ եղբորս տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Ինձ համար սա մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Մանսուրյանը' հավելելով, որ թեև իր օտարազգի սաների համար շատ դժվար էր հայերեն սովորել, սակայն նրանք մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը:
Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճյան արվեստի կենտրոնում' հոկտեմբերի 14-ին: Ելույթ կունենան Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուրային սոպրանո Ջեորջիա Կոկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը: Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու են եվրոպական արիաներ, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Երգչուհու խոսքով' սրանից առաջ համերգ է կազմակերպվել նաև Սիդնեյում, ուր ինքը դասավանդում է:
Հանդիպմանը ներկա էին նաև երգչուհու սաները, ովքեր նշեցին, որ հայկական երաժշտությունը մեկնաբանելու այս հնարավորությունn իրենց համար մեծ պարգև է: «Կոմիտաս, Մանսուրյան... Հպարտ եմ, որ նրանց գործերի հետ եմ ծանոթացել ու պետք է հենց հայերեն ներկայացնեմ այս ստեղծագործությունները: Ամեն անգամ, երբ Մանսուրյան եմ կատարում, փշաքաղվում եմ»,- ասաց Ջիանգ Հոնգշինը:
Համերգներից ստացված հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը: