Գառնիկ Իսագուլյանը ներքաղաքական առևտրի և հնարավոր վերադասավորումների մասին
ИнтервьюՓաստ է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անկախ նրանից, թե ՀՀ որ նախագահի օրոք ինչ պաշտոն է զբաղեցրել, ո'չ երբևէ թալանի է մասնակցել և ո'չ էլ բիզնեսներ է «հետ գցել»: Այդ իսկ պատճառով էլ կաշկանդված չէ ասել այն, ինչ մտածում է: Ամփոփելով տարին՝ «Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ թեև աշխատում է երկրի նախագահի ինստիտուտը չվարկաբեկել, սակայն այն գործընթացները, որ տեղի են ունենում այսօր, տեղիք են տալիս երբեմն-երբեմն անդրադառնալ նաև մեր անցյալին և հանրությանը պարբերաբար իրազեկել, թե 90-ականներից սկսած մինչ օրս ՀՀ տարբեր պաշտոնատար անձիք ինչ վերաբերմունք ու տեսակետներ են ունեցել երկրի առջև ծառացած տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ թվում, ինչու ոչ, նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասով, քանի որ վերջին շրջանում գալիք ընտրությունների հետ կապված բավականին լուրջ հայտարարություններ են արվում, որոնք որևէ կերպ համատեղելի չեն հայկական երկու պետությունների և մեր ազգային շահերի տեսանկյունից։
«Այդ առումով կարող ենք հետ գնալ մեր նորօրյա պատմության առաջին տարիները և օրինակի համար ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ են առաջացել Քարվաճառը ազատագրելու ժամանակ, արդյո՞ք երբևէ խոսք եղել է Նախիջևանի վերաբերյալ և ինչպե՞ս է այն փակվել։ Այս շարքը կարելի է շարունակել, միայն ասեմ անչափ կարևոր մի բան․ ստացվում է այնպես, որ ՀՀ առաջին նախագահը թե՛ նախկինում և թե՛ հիմա առևտրի մեջ է, ո՞ւմ հետ և ի՞նչ նպատակով՝ դժվարանում եմ ասել, բայց առաջանում է տպավորություն, որ նա առևտուրն անում է թե՛ արտաքին ուժերի հետ և թե՛ ներքին՝ երկուստեք առաջարկելով իր ծառայություններն՝ ընտրություններում որոշակի հաջողություններ արձանագրելու պարագայում: Այդ գործելաոճն անչափ խոցելի է և չի կարող հաջողություն բերել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ նրա կողմից աջակցվող թիմին»,- ասում է Գ.իսագուլյանը:
Քաղաքական գործչի կարծիքով միակ անձն, ով կարող է ինչ-որ բան փոխել հետագա ընտրությունների տոկոսային հարաբերակցությունում Գագիկ Ծառուկյանն է, բայց հարց է, թե նա կրկին քաղաքականություն մուտք գործելու որոշում կկայացնի՞ և եթե՝ այո՛, ապա ի՞նչ ձևաչափով:
«Մնացած առումներով ընդդիմությունը որևէ շանս չունի առաջնային դիրք գրավելու համար, քանի որ և՛ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունից հետո, և՛ հուլիսյան դեպքերի ժամանակ ճիշտ չկարողացան կողմնորոշվել քաղաքական դաշտում և շատ սխալներ թույլ տվեցին, այդ թվում նաև բացահայտվեց այն իրողությունը, որ նրանց համար ոչ թե պետականության հարցն է առաջնայինը, այլ իշխանություն ստանալը»,- ասում է Գ․ Իսագուլյանը: Նրա գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել ոչ թե ընդդիմադիրի, այլ այլընտրանքի կեցվածքով: Շատերի՝ հատկապես ընդիմադիրների համար, դա ընկալելի չէ, քանի որ իրենք իշխանություններին ամեն կերպ ընդդիմանալու խնդիր են հետապնդում:
«Ի դեպ, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ոչ ԲՀԿ-ի միջոցով վերադառնալ քաղաքականություն: Չի բացառվում, որ նոր թիմ ձևավորի այլ ձևաչափով: Դա, իհարկե, ինքը կորոշի, սակայն նրա մուտքը կտրուկ կփոխի ուժերի հարաբերակցությունը, որը կլինի ոչ թե հօգուտ ընդդիմության, այլ իշխանական-այլընտրանքային դաշտի»,- ասում է Գ. Իսագուլյանը:
Խոսելով Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու որոշման մասին՝ նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր անելիքը, ուղղակի յուրաքանչյուրը, այդ թվում նաև նախկին պաշտպանության նախարարը, պետք է հստակ հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն, ապա պետք է համակերպվի, որ «նշանառուն» այլևս իրենց վրա նույնպես կկենտրոնանա:
«Շատերը պետք է չմոռանան, որ այն թերացումները, որոնք եղել են և որոնց մասին լռել են, կարող են դառնալ քրեական գործեր: Եթե մարդիկ իրենց մաքուր են պահել և ոչ մի թերացում չունեն, ապա Աստված իրենց հետ: Իհարկե, ես կողմ եմ, որ բոլոր պարագաներում և անկախ անձերից բոլոր տեսակի արատավոր երևույթների մասին բարձրաձայնվի: Ու կարծում եմ, որ Սեյրան Օհանյանն այդ ամենը հաշվարկել է: Բայց այստեղ կա մի «բայց»: Ինձ համար հասկանալի չէ, երբ որևէ մեկը մի միջավայրում 20 տարի աշխատելով չի իմանում, որ այնտեղ սև էր, իսկ հեռացվելուց հետո նոր է դրա մասին իմանում: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ինքը սպիտակ, ամպոտ ոտքերով հանկարծ իջել է երկնքից և ընկել է սև ամպերի միջավայր, որն ուզում է փոխել։ Բայց իմ կարծիքով, մարդիկ պետք է շատ ավելի ազնիվ լինեն, քան ներկայանում են իրականում, և կան բաներ, որոնք երբևէ հնարավոր չի լինում ժխտել »,- ասում է Գ. Իսագուլյանը:
Արմինե Գրիգորյան